Ռուսաստանը հեղափոխություն է նախապատրաստում ՏՀՏ ոլորտում

Ռուսաստանը հեղափոխություն է նախապատրաստում ՏՀՏ ոլորտում

Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին ի պատասխան ՌԴ Պետդուման ընդունել է նոր օրենք, որով նախատեսվում է սահմանափակել արտասահմանից ծրագրային ապահովման ձեռքբերումը` փոխարենը արտոնություններ սահմանելով տեղական ծրագրավորողների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը, «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասին» ՌԴ օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև պետգնումների վերաբերյալ օրենքում փոփոխությունների արդյունքում առաջարկվում է ստեղծել ռուսական ծրագրային ապահովման ռեեստր, որով էլ կառաջնորվեն պետգնումների մասնակիցները:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է պարտավորեցնել պաշտոնյաներին պետգնումների ժամանակ նախապատվություն տալ ռուսական ծրագարային ապահովումներին: Օրենքում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնած Լեոնիդ Լևինը «Ինտերֆաքս» գորրծակալության հետ զրույցում ասել է, որ նման ռեեստրում հայտնվելը ռուսական ՏՀՏ ընկերությունների համար կնշանակի հայտնվել «ցուցափեղկում» և ուշադրություն գրավել:

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը պատրաստել և քննարկման է դրել ավելի «համարձակ» նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ռուսական ծրագրային արտադրանքի ու ծառայությունների երկու ցանկ և պարտավորեցնել պետական կառույցներին գնել հենց այդ ծրագրային ապահովումները և ծառայությունները, իսկ հակառակ պարագայում հիմնավորել արտասահմանյան արտադրանք ձեռք բերելու անհրաժեշտությունը:

Բացի թվարկվածները, նախատեսվում է ևս մեկ փոփոխություն, որի մասին հրամանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրել է ուրբաթ օրը: Խոսքը գնում է համացանցի «ռուսական հանրային հատվածի» ստեղծման մասին:

Հրամանագրում նշվում է, որ մինչեւ 2017 թ. պետական բոլոր մարմինները պետք է միանան համացանցին պաշտպանված և ծածկագրված ուղիների միջոցով, որոնց պահպանումն իրականացնելու է Անվտանգության դաշնային ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում