Իրաքում ԻՊ-ի 20 ահաբեկիչներ են սպանվել

Իրաքում ԻՊ-ի 20 ահաբեկիչներ են սպանվել

Իրաքի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» 20 ահաբեկիչներ են սպանվել Ֆալլուջա քաղաքի ծայրամասերում և Ջիսր ալ Մուազաֆին շրջանում ահաբեկիչների դիրքերի ռմբակոծության ադրյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները , իրաքյան բանակը հուլիսի 3-ին կասեցրել է ԻՊ-ի երեք կողմերից հարձակումը Ռամադի քաղաքի արևելքում գտնվող Խալիդիե շրջանի ուղղությամբ:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հեռախոսազրույց են ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են ստացվել Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի աջակցության մասին՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Նա բարձր է գնահատել ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի ցեղախմբերի պայքարը:

Տեղեկություններ կան, որ ԻՊ-ի զինյալների քանակը գնահատվում է մոտ 30 հազար, իսկ իրաքյան իշխանությունները հայտարարում են 200 հազարի մասին: Իսլամիստների շարքերում կռվում են 80 պետությունների քաղաքացիներ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ԻՊ-ն վերահսկում են Իրաքի տարածքի՝ 40, Սիրիայի տարածքի 50 տոկոսը:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում