Թուրքական ոստիկանությունը պարզել է, որ Սուրուչի ողբերգության ժամանակ օգտագործվել է ռուսական արտադրության պայթուցիկ նյութ (տեսանյութ)

Թուրքական ոստիկանությունը պարզել է, որ Սուրուչի ողբերգության ժամանակ օգտագործվել է ռուսական արտադրության պայթուցիկ նյութ (տեսանյութ)

Թուրքիայի Սուրուչի շրջանում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկանությունը շարունակում է մանրակրկիտ հետաքննություն վարել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պայթուցիկը պատրաստված է եղել ռուսական արտադրության տրինիտրոտոլուոլ (տրոտիլ) նյութից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը:

Ոստիկանությունը ուսումնասիրում է նաև  տարածքը վերահսկող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է  գլխաշորով մի կին մտնում մշակութային կենտրոնի այգի, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ կին է պայթեցրել ռումբը թե ոչ: Այս տեսագրությունից բացի Թուրքիայի հետախուզական ծառայությունը բջջային ցանցում հայտնաբերել է պայթյունի պահին տվյալ տարածքում գրանցված 27  խոսակցություն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց  պայթյուն էր տեղի ունեցել: Կենտրոնում տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը: Պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում