Վարչապետը հետեւողական է Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծման հարցում

Վարչապետը հետեւողական է Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծման հարցում

Աշխատանքային այցով օգոստոսի 1-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այցի շրջանակներում վարչապետը ծանոթացավ Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա.Ն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև  շենքային պայմաններին: Կառույցի շինարարությունը, որը մեկնարկել էր 2006 թվականից, ավարտվեց միայն այս տարի՝ պետական միջոցների հաշվին: Արդյունքում այսօր արդեն պատրաստ է ժամանակակից հարմարություններով եռահարկ շինություն, որը, բացի սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատումից, երկրաֆիզիկական համակարգերի մշակման կարևոր աշխատանքներից, իրականացնելու է ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտություն:

Կառույցն  ամբողջությամբ պատրաստ է շահագործման և սեպտեմբերին արդեն ինստիտուտը տնակներից ամբողջովին կտեղափոխվի նորակառույց: Վարչապետի հաջորդ կանգառը Գյումրու «Լենտեքս» ՍՊ ընկերությունն էր: «Լենտեքս»-ը Գյումրիում այն եզակի ընկերություններից է, որը ոչ միայն ստեղծվելով 2001 թվականին, կարողացավ գոյատևել, այլ տարեցտարի ընդլայնում է ինչպես իր տարածքը, այնպես էլ ավելացնում ապրանքատեսականին ու ըստ դրա նաև աշխատողների թիվը: Ընկերության տարեկան արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն  դրամ:  Հովիկ Աբրահմյանը նաև եղավ Գյումրու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  և ՀԲԸՄ  Հայորդաց տանը, որտեղ վարչապետին սաները ողջունեցին աղ ու հացով և իրենց կատարումներով: Հայորդաց տունը բացվել է 2014 թվականին  և արդեն ունի 170 սան, սակայն առաջիկայում ավելանալու է ոչ միայն սաների, այլ նաև դասարանների թիվը՝ դասական, ժողովրդական պարերի, նկարչության, քանդակագործության դասարաններին կավելանան նորերը: Հայորդաց տանը գործող դասարանների և մանկապարտեզների գործունեության հետ ծանոթանալուց հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը եղավ «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանում:

Ենթակայանում 2011 թվականին գերմանական KFW բանկի վարկային ծրագրով 2011-2014 թվականներին իրականացվեցին շինարարական աշխատանքերը՝ 14.7 մլն եվրո արժողությամբ ընդհանուր ծավալով, որը ներառեց, ինչպես հիմնանորոգում, այնպես էլ նոր կառույցների շինարարություն: «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանը ատոմակայանից, հիդրոէլեկտրակայաններից և ջերմաէլեկտրակայաններից տեղափոխում է բարձր լարման էլեկտրաէներգիան Շիրակի մարզ և մատակարարում մարզի ենթակայաններին:

Վարչապետի վերջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ տեղի ունեցավ խորհրդակություն Շիրակի մարզպետի, համայնքների ղեկավարների հետ: Շիրակի մարզպետը ծանոթացրեց մարզում իրականացվող և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Դրանք հիմնականում քաղաքաշինական են, սակայն կան խնդիրներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն: Խոսքը վերաբերում է ինչպես մարզում առկա վթարային կառույցներին, ԲԳՎ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին, այնպես էլ նորկառույց Մուշ -2 թաղամասում դեռ չսեփականաշնորհված այն բնակարաններին, որոնց միայնակ տերերը մահացել են և կա ժառանգների կո ղմից այդ բնականարնների սեփականության ճանաչման խնդիրը: Վարչապետը հանձնարարեց այդ հարցերը քննարկել օգոստոսի 6-ին կառավարության առաջիկա նիստի ժամանակ: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնանարեց «Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրենին կարճ ժամանակում՝ 10 օրերի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել բիզնես պլան և հաշվարկ՝ նոր՝ լրացուցիչ 300 աշխատատեղ ստեղծելու համար ընկերությանն անհրաժեշտ վարկային գումարի չափի մասին՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կանի ամեն ինչ, այդ ուղղությամբ, որպեսզի Գյումրիում ընկերությունը մեծացնի իր հնարավությունները և ստեղծի նոր աշխատատեղեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում