Շուշիում բացվել է Ագրարային համալսարանի մասնաճյուղի նոր համալիրը

Շուշիում բացվել է Ագրարային համալսարանի մասնաճյուղի նոր համալիրը

ԼՂՀ Շուշի քաղաքում սեպտեմբերի 2-ին բացվել է Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների որոշումներով` 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի եւ Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա: Այն սկսել է գործել 2009թ. փետրվարից՝ Ստեփանակերտում:

Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային եւ միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս: Պատասխանատուների հավաստմամբ` այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100-ից ավելի դասախոս: Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ` 573 բակալավր, 138 մագիստրոս եւ 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ:

Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետեւ այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ քաղաքում կառուցված Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան: 225 ուսանողի համար կառուցված եռահարկ ուսումնական կենտրոնը, որ զբաղեցնում է շուրջ 4050 քմ մակերես, ունի հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, այդ թվում՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում