Լավրովը Բաքու էր ժամանել առաջարկներով

Լավրովը Բաքու էր ժամանել առաջարկներով

Տարածաշրջանում քաղաքական աշնան մեկնարկը նշանավորվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցով, որը փորձագիտական շրջանակներում որակվեց` որպես անսպասելի:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն ունեն զիգզագաձև դինամիկա, որը պայմանավորված է ոչ միայն երկկողմ կապերով, այլ նաև արտաքին դերակատարների հետ որդեգրած կեցվածքով: Այսպես, երբ Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների անդորրը խաթարվում է, նկատելիորեն բարելավվում են Ադրբեջան-ՌԴ գործակցության մակարդակը: Ներկայումս, երբ Ադրբեջանը գտնվում է արևմտյան դաշնակիցների քննադատության թիրախում, Ռուսաստանը բաց չի թողնում առիթը՝ շեշտելու երկու երկրների միջև գոյություն ունեցող նմանությունները և մտերմանալու անհրաժեշտությունը:

2015թ-ը հարուստ էր երկկողմ բարձրաստիճան այցերով, որոնք հաճախ լրատվամիջոցները ներկայացնում են հարաբերությունների ջերմացում՝ ելնելով պաշտոնական հայտարարություններից: Այդ հայտարարությունները հնչել են միշտ նույն տոնայնությամբ և ջերմությամբ, սակայն կարևոր է, թե ինչ է թաքնված տողատակերում:

Ադրբեջանի և ՌԴ-ի արտգործնախարարները նախքան սեպտեմբերյան հանդիպումը արդեն հասցրել էին երկու անգամ հանդիպել Մոսկվայում: Մեկը տեղի էր ունեցել Եվրոպական խաղերից առաջ՝ մայիս ամսին, իսկ մյուսը՝ դրանից հետո հուլիսին: Հանդիպումներից առաջինն ուներ նախապատրաստողական նշանակություն, որին հաջորդեց ՌԴ-ի նախագահ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցը: Հուլիսյան հանդիպմանն էլ ենթադրաբար քննարկվել էին այն ծրագրերը, որոնք ուղենշել էին երկու երկրների նախագահները: Հանդիպումների և բանակցություների նման հագեցած գրաֆիկը թույլ է տալիս եզրակացնել, որ կողմերը զբաղված են լուրջ և նույնիսկ շրջադարձային խդնիրների քննարկմամբ:

Լավրովի՝ Բաքու կատարած այցից շաբաթներ առաջ՝ օգոստոսի 17-ին «Звезда» հեռուստաընկերությամբ լուր տարածվեց, համաձայն որի, Ռուսաստանը մտադրություն ունի Ադրբեջանի տարածքում նոր ռադիոլոկացիոն կայան տեղակայել: Հայտարարությունն անսպասելի էր, քանի որ երկար տարիներ Ռուսաստանն օգտագործում էր Գաբալայում տեղակայված ռադիոտեղորոշման կայանը, սակայն 2012թ-ին ադրբեջանական կողմը կայանի վարձակալման գինը 7 միլիոն դոլարից բարձրացրեց 300 միլիոն դոլար, ինչի հետևանքով էլ համագործակցությունը դադարեցվեց:

«Վորոնեժ կայանի կառուցման աշխատանքները շարունակվում են ոչ միայն Ռուսաստանի տարածքում (Պեչորայում և Մուրմանսկում): Պլանավորվում է, որ 2017թ-ին շինարարական աշխատանքներ կսկսվեն Ադրբեջանում Գաբալայի Դարիալ կայանից հեռանալու փոխարեն: Նոր կայանը կենթարկվի բացառապես ռուսական կողմին, որը թույլ կտա հետևել այն տարածքներին, որտեղ չի հասնում Արմավիրի կայանը»,- այս մասին հայտարարել է ՌԴ-ի ՊՆ-ի գլխավոր խոսնակը:

Պաշտոնական հանդիպումներից հետո կողմերը նման հայտարարությամբ հանդես չեն եկել, ամենայն հավանականությամբ, այդ հարցը ևս քննարկված խնդիրների օրակարգում է եղել: Սակայն ռուսական կողմը մեկ այլ ռազմական թեմա բարձրացրեց՝ հրավիրելով Ադրբեջանին մասնակցություն ունենալ Russia Arms Expo (RAE) 2015 ցուցահանդեսին:

«Հույս ունենք, որ մեր ադրբեջանական ընկերները մասնակցություն կունենան ռազմա-տեխնիակական արտադրանքի ցուցահանդեսին, որը տեղի կունենան Սվերդլովի շրջանում: Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն ստացել են համապատասխան հրավերը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Լավրովը:

Զինտեխնիկայի, ռազմական արտադրանքի Russia Arms Expo (RAE) 2015 միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Ներքին Թագիլեում սեպտեմբերի 9-12-ը: Զինտեխնիկայի բաց ցուցադրությունները կանցկացվեն 400 հազար կմ խորանարդ տեղ զբաղեցնղ դաշտում, որը թույլ կտա ուսումնասիրել և գնահատել ռազմատեխնիկաների բոլոր հնարավորությունները:

«Բանակցությունների արդյունքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտուալ ասպեկտները, միջազգային հարցերում գործակցությունը, ինչպես նաև Լեռնային Ղաարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրերը»,-նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն պաշտոնական լրահոսի, ամենակարևոր հայտարարություններից մեկը պաշտոնական Մոսկվայի հրավերն էր Ադրբեջանին՝ մասնակցելու ռազմական ցուցահանդեսին: Բնականաբար, Լավրովը, մասնակից 65 երկրներ անհատապես չի գնացել և հրավեր տվել: Ադրբեջանը հանդիսանում է ռուսական զենքի խոշորագույն գնորդներից մեկը:

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը 2013թ-ի զեկույցի համաձայն, Ադրբեջանը Եվրոպայում հիմնական սպառազինության տեսակների երկրորդ խոշոր ներկրողն է Մեծ Բրիտանիայից հետո:

2009-2013 թթ. 2004-2008 թթ համեմատ, սպառազինության ներկրումն Ադրբեջան ավելացել է 378 տոկոսով: Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծ մասն ուղղված է արտաքին ռազմական շուկաներից կատարված տեխնիկական, տեխնոլոգիական և արտոնագրային գնումներին։ Հիմնական երկրները, որոնց հետ ռազմական ոլորտում Ադրբեջանը համագործակցում է, հանդիսանում են Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, ՀԱՀ-ը: Ըստ զեկույցի, վերջին 5 տարում Ադրբեջան ներկրվող զենքի 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ֆինանսապես ծանր վիճակում գտնվող Ռուսաստանը, որի տնտեսության մեջ որոշակի դեր ունի նաև ռազմարդյունաբերությունը և զինտեխնիկայի վաճառքը, հույս ունի ցուցահանդեսի միջոցով նոր գործարքներ կնքի իր հին գնորդների հետ, որոնց թվում է նաև Ադրբեջանը: Եվ կրկին հանգում ենք այն խնդրին, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում իր առյուծի բաժինն ունի պրագմատիկ գործընկերությունը, և պետք է չէ ամենևին էլ զարմանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի՝ ՌԴ-ի, թիվ մեկ դիվանագետը խոսում է Արցախյան հակամարտության կարգավորման մասին, սակայն հրավիրում է հակամարտության կողմերին ավելի լավ զինվելու և պատրաստվելու պատերազմին:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում