Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բրյուսելում

Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բրյուսելում

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարի ևս չի հիասթափեցնի Բրյուսելում ապրող իր երկրպագուներին: Ճանաչված երգիչը նոյեմբերի 17-ին հանդես կգա Բելգիայի մայրաքաղաքի Forest National համերգասրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով համերգասրահի պաշտոնական forest-national.be կայքը, հանդիսատեսին սպասվում է եզակի համերգ:

«Շառլ Ազնավուրը միակ 91-ամյա երգիչն է, ով ռեկորդներ է սահմանում հանդիսատեսի թվով աշխարհի ամենամեծ և հեղինակավոր թատրոններում, որտեղ ելույթ է ունենում»,-գրում է Forest National-ի կայքը: Ներկայացնելով Ազնավուրի հաղթանակներն ու հաջողությունները` համերգասրահի կայքն անդրադառնում է նաև նրա անթիվ մրցանակներին, ինչպես նաև հիշեցնում, որ երգիչն այս տարի թողարկել է իր 51-րդ`«Encores» ալբոմը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում