Վալերի Օսիպյանը չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն. Օմբուդսմեն

Վալերի Օսիպյանը չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն. Օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել  հայտարարությամբ հոկտեմբերի 5-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ, որում ասվում է.

«Ազգային ժողովի դիմաց հոկտեմբերի 5-ին Ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մենք հրատապ հարցում էինք ուղարկել Ոստիկանությանը: Ոստիկանությունը հայտնել է, որ ներկայումս լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում: Քանի որ ուսումնասիրությունը կարող է ժամանակատար լինել, նպատակահարմար ենք գտնում արդեն այս փուլում առանձնացնել ոստիկանության գործողությունների ակնհայտ խնդրահարույց թերացումները:

Նախկինում ևս անդրադարձել ենք հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճում զսպվածության և էթիկայի այլ կանոնների պահպանման կարևորությանը, սակայն այս անգամ ևս անթույլատրելի գործողություններ ենք արձանագրել ծառայություն իրականացնող առանձին ոստիկանների վարքագծում: Հատկապես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պարտականությունների կատարման ընթացքում չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն, որոշակի դեպքերում հուզական վարքագիծ է դրսևորել, անհարգալից է խոսել հավաքի մասնակիցների և նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Անընդունելի ենք համարում պատգամավոր Արամ Մանուկյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկելու փորձը: Տվյալ պարագայում ոստիկանների գործողություններն անհամատեղելի են պատգամավորի գործունեության՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների հետ, ինչպես նաև զուրկ են որևէ ողջամիտ պատճառաբանվածությունից:

Ակնկալում ենք առաջին հերթին Ոստիկանության անհապաղ քայլերը միջադեպի մանրամասն քննության և իր աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններին համարժեք գնահատական տալու ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում