Որպեսզի կայանա հերթական հերոսը

Որպեսզի կայանա հերթական հերոսը

Նարեկ Դարբինյանի հետ ծանոթացել եմ Սոթք գյուղում գտնվող նրա հայրական տանը։ Արևոտ այդ օրն ամեն ինչ գունեղ էր և խոստումնալից։ Երևանից Սոթք ընկած երկուսուկես ժամ տևողությամբ ճանապարհը զարդարված էր աշնան ամենավառ գույներով։ Ամեն ինչ այլ կերպ էր թվում վաղուց ծանոթ այդ ճանապարհին։ Նման Սևան վաղուց չէի տեսել։ Ծովը հանդարտ էր, կապույտ։ Սովորաբար անհանգիստ Սևանն այդ օրը վերածվել էր խաղաղության օրրանի։ Նույնը երկինքը։ Ծառը, քարն ու սարը…

Խաղաղությունն ամենուր էր` Երևանից մինչ Սոթք ընկած ճանապարհի ողջ հատվածում։ Մարդիկ զբաղված էին ամենօրյա իրենց աշխատանքով։ Գավառի, Մարտունու, Վարդենիսի բնակիչները ձմռան վերջին նախապատրաստությունն էին տեսնում։ Մեկն իր կովն էր բերել անասունների շուկա, մյուսը չորացած խոտ էր այրում, երրորդը` տան տանիքն ամրացնում։ Անկախ ինձանից հիշեցի պատմահայր Մովսես Խորենացու` Արտաշես Առաջին և Տիգրան Մեծ արքաների թագավորության նկարագրությունը։ Հիրավի` «տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում»։

Նման տեսարանները սովորաբար բազմապիսի մտորումների առիթ են տալիս։ Ամեն ինչ իր գինն ունի։ Այդ օրվա գինը Նարեկ Դարբինյանի` արցախա֊ադրբեջանյան սահմանին կորցրած առողջությունն էր։ 2014 թվականի սեպտեմբերի 29֊ին լրատվական կայքերը հաղորդեցին այն մասին, որ թշնամու գնդակից հայ զինվոր է վիրավորվել։ Այդ օրերը հստակ հիշում եմ։ Իրավիճակն առաջնագծում խիստ լարված էր։ Հոկտեմբերի 1֊ին զոհվեց Դավիթ Նավասարդյանը։ Վիրավոր զինվորի մասին տեղեկությունները մամուլում քիչ էին և կցկտուր։ Տղան վիրահատվել էր Ստեփանակերտում, որից հետո տեղափոխվել Երևան։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակն այլևս բավարար է և կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ լուրն ուրախացրեց ինձ։ Կարծեցի, որ ամեն ինչ արդեն անցյալում է, ուրախացա։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ ավելի քան մեկ տարի անց պիտի գնայի Նարեկի տուն, ծանոթանայի նրա ընտանիքին, տեսնեի, թե ինչպես է ամենօրյա պայքարում կերտվում նոր հերոս։

Ցավոք, Նարեկի առողջությունը դեռևս վերականգնված չէ։ Նա լուրջ խնդիրներ ունի ողնաշարից ոտքը սնուցող նյարդերի հետ, որի պատճառով տղայի ոտքը բարակում է՝ վտանգի տակ դնելով քայլելու նրա ունակությունը։ Առկա են նաև ներքին օրգանների լրջագույն խախտումներ։ Նարեկը բուժման կարիք ունի, հնարավոր է՝ արտասահմանում։ Ավելի քան մեկ տարվա բուժումը Հայաստանում նրան ոտքի է կանգնեցրել։ Բայց, կարծես, դրանից ավելի հայ բժիշկները նրան դեռ չեն կարող օգնել։ Չնայած դրան՝ Նարեկը շարունակում է հետազոտվել ու բուժվել զինվորական հոսպիտալում և քաղաքացիական հիվանդանոցներում։ Հիմնական խնդիրը` նախկինում ձեռք բերված դրական արդյունքների պահպանումն է միայն։

Նարեկի տուն գնալու մեր որոշումը թելադրված էր զինվորին ինչ֊որ կերպ օգտակար լինելու, նրան վարձահատույց լինելու ցանկությամբ։ Ներքին այդ պարտավորությունը մեծապես թելադրված էր Voskanapat.info֊ի ընթերցողների սրտացավությամբ ու զինվորի՝ առօրեական հոգսերին առնչվելու, դժվարությունները միասին հաղթահարելու պատրաստակամությամբ։ Սոթք գնում էին հստակ ծրագրով՝ Նարեկի տանը պետք է սանհանգույց կառուցենք։ Կայքի ընթերցողների և մեր ուրիշ հայրենակիցների ֆինանսական աջակցությունն արդեն բավարար էր գործն սկսելու համար։ Ուստի, Սոտք էինք հրավիրել նաև շինարարների, որոնք, իմանալով մեր նախծաձեռնության մասին, արդեն իսկ որոշակի նախապատրաստական աշխատանք էին տարել։

Զինվորի ընտանիքն ուրախությամբ էր ընդունել մեզ։ Հայրը տանը չէր։ Պարզվեց՝ նա նույնպես զինծառայող է և այդ պահին պաշտպանում էր Հայրենիքի սահմանները թշնամուց։ Որդին հպարտությամբ է նշում այդ փաստը։ Նա վաղուց է գիտակցել ծառայելու գաղափարի վեհությունը։ Նման մադրկանց աչքերին նայելիս, արագ գիտակցում ես, որ տեր է։ Տեր իր գործին, հոր ժառանգությանն ու իր Հայրենիքին։

֊ Համեցեք։ Տուն եկեք, ֊ ներս են հրավիրում մեզ Նարեկի մայրն ու տատը։

Տանն ամեն ինչ խոսում է այն մասին, որ ընտանիքը դժվարությամբ է վաստակում օրվա հացը։ Չնայած դրան՝ զինվորի մայրը մի քանի րոպեների ընթացքում ճոխ հյուրասիրություն է կազմակերպում։ Շփոթված էի։ Մի կողմից ուզում էի հնարավորինս քիչ նեղություն պատճառել զինվորի ընտանիքին, մյուս կողմից հասկանում, որ իսկական հայի օջախ ենք եկել։ 20֊ամյա Նարեկը տարիքի համեմատ խիստ իմաստուն էր երևում։ Նրա խոսքը հավասարակշռված է, տրամաբանված և գիտակից։ Տղան իր ողջ կեցվածքով ցույց է տալիս, որ հայի պայքարող տեսակն է։ Իր քաջությունը նա մեկ անգամ արդեն ի ցույց է դրել մարտի դաշտում։ Այսօր նա պայքարում է լիարժեք ապրելու և արարելու իր իրավունքի համար։

«Սա նույնպես հերոսության ճանապարհ է և մենք` բոլորս միասին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հերոսը նույնպես կերտվի, կայանա ու շարունակի դաստիարակել հասարակությանը հենց արարելու ոգու մեջ, ֊ մտածում էի ես, ֊ Նարեկն ունի դրա համար խիստ անհրաժեշտ կամք և ձգտում։ Ուրեմն նա կհասնի իր բարձունքին: Այլ հարց է, թե այդ բարձունքը միայնակ կնվաճի, թե՞ իր հետ նաև մեզ կտանի»։

Ամեն ինչ գլխիվայր էր շրջվել իմ մտքում։ Մենք, որ եկել էինք Նարեկին օգնելու, հանկարծ հասկացանք, որ դարձել ենք զինվորի հաղթական ոգու գերին։ Այդ օրը նա մեզ աշնան բույր նվիրեց։ Սևանի թարմացնող օդ նվիրեց։ Խաղաղություն և երջանկություն նվիրեց։ Իր նոր հաղթանակներին մասնակից լինելու հնարավորություն նվիրեց։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում