Էրդողանը բողոքում է, թե Պուտինն իր հեռախոսազանգին չի պատասխանել

Էրդողանը բողոքում է, թե Պուտինն իր հեռախոսազանգին չի պատասխանել

Ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռը թուրքական F-16 ռազմական կործանիչների կողմից խոցվելուց հետո պաշտոնական Անկարան փորձում է բերել իր գործողություններն արդարացնող փաստարկներ: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France24-ին տված մեկնաբանության մեջ հայտնել է, թե ինքնաթիռի կործանումից հետո զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Եթե հայտնի լիներ, որ դա ռուսական ինքնաթիռ է, գուցե նախազգուշացումներն այլ կերպ արվեին»,- ասել է Էրդողանը՝ նշելով, սակայն, որ դա երկու երկրների միջև հարաբերությունների լարման պատճառ չպետք է դառնա:

Ի պատասխան Էրդողանի նման հայտարարության՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահից Պուտինին հեռախոսազանգ չի եկել:

Իր հերթին Պուտինը Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, թե «անհնար է Թուրքիան չիմանար, որ ինքնաթիռը ռուսական է», քանի որ դրանց վրա հատուկ նշաններ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում