Հրամանատարը պիտի զինվորին ճիշտ ուղղությամբ տանի, զինվորն էլ կարգապահ լինի. Ջալալ Հարությունյան

Հրամանատարը պիտի զինվորին ճիշտ ուղղությամբ տանի, զինվորն էլ կարգապահ լինի. Ջալալ Հարությունյան

ՀՀ ԶՈւ կազմավորման 24-րդ տարեդարձի օրը ԼՂՀ ՊԲ Լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը մեկ ցանկություն ունի` խաղաղություն, թեպետ  մենք ու մեր զինվորը միշտ էլ պատրաստ ենք պատերազմի:

«Ցանկանում եմ` առաջնագծում զգոնություն ու աչալրջություն լինի: Թող բոլորը բարով-խերով ավարտեն ծառայությունն ու հասնեն տուն»,-մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ասաց լավագույն հրամանատարներից մեկը, ով ծառայության մեջ է 17 տարեկանից, ուստի մեծի իրավունքով զինվորներին հորդորում է չխախտել անձնական կարգապահության «սահմանը». «Եթե զինվորը կարգապահ է ու կանոնադրության պահանջները լիարժեք կատարում է, ամեն ինչ լավ է լինում: Սա ապահովելու ծանրաբեռնվածությունը հենց հրամանատարական կազմի ուսերին է դրված, որոնք պարտավոր են վերահսկել անգամ մանր թվացող խախտումները: Հրամանատարներն են, որ զինծառայողներին պետք է ճիշտ ուղղությամբ տանեն»

Պատեհ առիթն օգտագործելով,  հրամանատարը  շնորհավորում է նաև նախկին զինծառայողներին. բանակի կազմավորման հիմքում բոլոր նրանք են, ովքեր 1992թ-ից մինչ այսօր իրենց լուման ու չարչարանքն են ներդրել ու ներդնում այսօրվա  բանակի համար: Զինվորական կյանքից պատմելու շատ բան կա, բայց մտաբերում է տարիներ առաջ 7 տարեկան որդու հետ դիրքերում անցկացրած Նոր տարվա գիշերը.«Հիշում եմ` ինչքան ոգևորիչ էր և էրեխուս, և զինվորների համար»:

Հիշեցնենք, որ 2015թ-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե իրենց «հաջողվել է սպանել» գնդապետին, ինչին հրամանատարն արձագանքել էր. «Սկզբում ինձ զարմացրեց իմ մահվան մասին տեղեկությունը: Սակայն, երբ այդ մասին սկսեցին գրել նաև ադրբեջանական մյուս լրատվամիջոցները, գրեթե համոզեցին ինձ, որ ես արդեն կենդանի չեմ (ծիծաղում է)»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում