Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանը պետք է լինի նախորդ երեքի նման. ՀՀԿ

Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանը պետք է լինի նախորդ երեքի նման. ՀՀԿ

ՀՀ մարդու իրավունքների չորրորդ պաշտպանը պետք է լինի նախորդ երեքի նման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ եթե հարցումներ անցկացվեն, ապա քաղաքացիները կնշեն, որ երեքի գործունեությունից էլ գոհ են եղել: 

«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, սկզբում միշտ էլ սվիններով են ընդունել իշխանության թեկնածուներին, իսկ նրանց ազատումից հետո նույն սվիններով սկսել պաշտպանել»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հակադարձմանը՝ եթե երեք Օմբուդսմենից էլ և իշխանությունը, և ընդդիմությունը, և քաղաքացիները գոհ են, ապա ինչո՞ւ են բոլորը նույն կերպով  հեռացել, Արտակ Դավթյանը հորդորեց այդ հարցն ուղղել  իրական հասցեատերերին:

Ինչևէ,  ՀՀԿ-ի առաջադրած ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հաղթանակի համար անհրաժեշտ է 79 ձայն, իշխող մեծամասնությունն  այդքան ձայն չունի, Դավթյանը հույս ունի, որ իրենց կհաջողվի  լավ «ագիտացիայի» շնորհիվ կուսակցությունից դուրս ձայներ շահել. թեկնածուների հարցը դեռ պետք է  պետաիրավական հանձնաժողով մտնի: Իսկ եթե բավարար  ձայներ չհավաքվի,  ապա կներկայացվեն նոր թեկնածուներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում