Իրանի մամուլը քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

Իրանի մամուլը քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

Իրանական առաջատար մամուլի կառույցները քաղաքացիներին կոչ են արել առաջիկայում եւ Նովրուզի երկշաբաթյա տոներին չմեկնել Թուրքիա` նշելով, որ այդ երկիրն այլեւս անվտանգ չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը, քննադատելով իրանցի զբոսաշրջիկներին Թուրքիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու համար, հայտնել է, որ Թուրքիայի զբոսաշրջությունը մեծ կորուստներ է կրում ռուս եւ գերմանացի քաղաքացիների` այդ երկիր մեկնելուց հրաժարվելու պատճառով, իսկ իրանցիներն իրենց այցերով շարունակում են օգնել Թուրքիայի տնտեսությանը:

Fars-ը իրանական զբոսաշրջային ընկերություններին քննադատել է այն բանի համար, որ վերջիններս շարունակում են գովազդել Թուրքիայի հանգստավայրերը:

«Թուրքիայում վտանգավորության եւ ահաբեկչական սպառնալիքի առկայությանը հակառակ, իրանցիները դեռ շարունակում են մեկնել այդ երկիր: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նշանառության տակ է վերցրել Թուրքիայի բոլոր հանգստավայրերը, Անթալիան եւ Քեմերը: Ինչպես ռուսներն ու գերմանացիներն են հրաժարվում մեկնել Թուրքիա, այնպես էլ պետք է իրանցիները չմեկնեն այդ երկիր», -հաղորդել է գործակալությունը:

Թուրքական մամուլը իրանական առաջատար մամուլի այդ կոչը «Թուրքիայի թիկունքին արված հարված» է բնութագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում