ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանին Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել Ադրբեջանի դեմ հարցադրումներով

Թբիլիսիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության Ադրբեջանի դեմ հնչած բովանդակային հարցադրումներին Ադրբեջանի ներկայացուցչությունը որևէ համարժեք հակադարձում չի ներկայացրել: Հուլիսի 1-5-ը Թբիլիսում կայացած նստաշրջանին մեր պատվիրակությունը ներկայացել է 3 ներկայացուցչով՝ Միքայել Մելքումյան, Ստեփան Դեմիրճյան և Արտաշես Գեղամյան: Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ տեղի ունեցած հատկանշական իրադարձությունների մասին: Նա նախ նշեց, որ ինքը և Ստեփան Դեմիրճյանը ընդհանուր փաթեթային քվեարկությանն ընդհանրապես չեն մասնակցել, քանի որ կային այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող էին անուղղակի կերպով հատվել ԼՂՀ խնդրի հետ:

«Իմ ելույթի ժամանակ մի քանի հիմնական դրույթներ եմ արձանագրել. նախ՝ որ Ալիևը սանձազերծել է ապրիլյան պատերազմը, որի համար մինչև այժմ պատասխանատվություն չկա, ներկայացվել են դիակների խոշտանգումները, ամբողջ շփման գծում պետք է հրադադարի ռեժիմը արձանագրող մեխանիզմներ դրվեն, այնուհետև դրանից բխող պատասխանատվության ռեժիմներ լինեն »,-ասաց Մելքումյանը:

Մելքումյանը հատկանշական համարեց այն փաստը, որ իրենց ներկայացված բովանդակային հարցադրումներին Ադրբեջանի ներկայացուցչությունը որևէ բովանդակային հակադարձում չի ներկայացրել: Ընդամենն ասվել է, որ սա այդ տեղը չի: Նա նաև նշեց, որ Թուրքիայի պատվիրակությունից մի կին արձագանքեց ցեղասպանության հարցի առնչությամբ: Սակայն նրան նույնպես հակադարձել են՝ ասելով, որ ցեղասպանությունը ապացուցման կարիք չունի:

«Թբիլիսիում շվեյցարական պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ վեհագումար նիստի ընդմիջմանը տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ հայկական, ադրբեջանական,վրացական և շվեյցարական պատվիրակությունների միջև: Այստեղ ոչ մի բովանդակային հարց չի քննարկվել, այլ ընդամենը քննարկվել է շվեյցարական միջնորդական կողմի առաջարկությունը՝ պառլամենտական դիվանագիտության շրջանակներում աշնանը անցկացնել որոշակի սեմինար, որտեղ փորձագիտական մակարդակում քննարկումներ կլինեն ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ»,- նշեց ԲՀԿ պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում