Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր պաշտպանությունը մեր իսկ ձեռքերում է. Ռիչարդ Կիրակոսյան

Ապրիլյան պատերազմը հստակորեն ցույց տվեց, որ մեր պաշտպանությունը մեր իսկ ձեռքերում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

«Փաստացիորեն, Ռուսաստանի դիրքորոշումը որպես թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զինամթերք տրամադրող թիվ մեկ երկիր ո՛չ օգտակար է, ո՛չ բարենպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանի համար: Մենք այժմ տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին խոստացված զենքի տրամադրման գործընթացն ուշանում է այն դեպքում, երբ Ռուսաստանը մտադրություն ունի Ադրբեջանի հետ զենքի տրամադրման նոր պայմանագիր կնքել»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը միակ երկիրն է, որի համար շահեկան չէ ո՛չ պատերազմը, ո՛չ խաղաղությունը:

«Այն նաեւ միակ երկիրն է, որն աստիճանաբար հեռացավ իր հայամետ դիրքորոշումից՝ սկսելով բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի պաշտպանության գործընթացի հիմնական բանալին ոչ ՆԱՏՕ-ն է, ոչ էլ ինչ-որ երկիր, այն մեր ձեռքերում է»,-եզրափակեց վերլուծաբանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում` դպրոցահասակ երեխա, խոշտանգվել ծերեր: Կրակի դադարեցման համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում