«Պուտինին պետք չէ նշանակում անել. եթե անգամ քաղհասարակությունից մեկը լինի կառավարման ղեկին, այսօրվա քաղաքականությունն է վարելու»

«Պուտինին պետք չէ նշանակում անել. եթե անգամ քաղհասարակությունից մեկը լինի կառավարման ղեկին, այսօրվա քաղաքականությունն է վարելու»

Հուլիսյան դեպքերը  ցույց տվեցին, որ ՀՀ-ում  իշխանության, առհասարակ, քաղաքական համակարգի լեգիտիմության մակարդակը կատաստրոֆիկ ցածր է: Ըստ այդմ՝ այսօր խնդիր կա գտնել նոր մարդկանց, որոնք չեն ներկայացնի քաղաքական որևէ դասի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ միաժամանակ նկատելով, որ ցանկացած մեկը, ով գալիս է իշխանության, հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվում է դեպի վատը. այսօր լավ է վաճառվում ռադիկալիզմը, ռացիոնալիզմը գնորդ չունի:

«Խնդիր կա բերել նոր մարդկանց, մյուս կողմից՝  մարդկանց փոխելով՝ չփոխել համակարգը: Իհարկե, Կարեն Կարապետյանը կառավարություն ձևավորելով կփորձի նոր մարդկանց բերել, որպեսզի հասնել մինչև ընտրություններ: Այսօր կառավարման համակարգի լեգիտիմությունն անկում է ապրում՝ արձանագրելով նույնիսկ ավելի ցածր մակարդակ, քան կար մինչ հուլիսյան դեպքերը, ընդ որում՝ անգամ այն կառույցների մասով,  որոնք բավականին վստահություն ունեին»,- նշեց նա՝ նկատելով, որ իշխանությունը  փոխանցելու խնդիր կա, բայց չկա այդ մեկը, ում պիտի հանձնվի այն, «ուստի  պետք է փորձել իշխանությունը տալ ոչ մեկի, այսինքն՝ տալով չտալ»:

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով դժվար  է պատկերացնել, թե իշխանություններն ինչ են անելու ընտրությունների ժամանակ. «Ենթադրենք՝ նրանք մինչև ընտրություններ հասան,  ի՞նչ վարչական ռեսուրսներ պիտի գործի դնեն,  որ այս ընտրություններում հաղթեն: Լավ, ենթադրենք՝ դա հաջողվեց. հավաքում են 54% ու հաղթում, ի՞նչ է լինելու հաջորդ 5-6 օրը: Ենթադրենք՝ դա էլ արեցին՝ հաջորդ շաբաթն ինչ-որ կերպ վերապրեցին՝ ինչ-որ մարդկանց ձերբակալելով, որոշների կաշառելով, իրենցով անելով: Բայց  նման ձևով իշխանությունը 5 տարի կկարողանա՞ ղեկավարել: Ըստ իս՝ դա չափազանց բարդ է լինելու. յուրաքանչյուր միջադեպ՝ լինի քաղաքական, տնտեսական, ղարաբաղյան հակամարտության հարթությունում, եթե անգամ մեկը քարով հարվածի ոստիկանին, կամ ոստիկանների նյարդերը տեղի տան, նոր անկայունություն է ստեղծելու երկրում: Այսօրվա իշխանության իրավիճակն ինձ հիշեցնում է Շևարդնաձեին 2001-ից հետո, իհարկե, այստեղ կա մեկ տարբերություն՝ չունենք Սահակաշվիլի: Եվ հիմա Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետ, իշխանությունը հույս ունի, որ նրան կհաջողվի այս «էշը ցեխից հանել»: Տեսնենք, նրա մասին խոսում են որպես լավ տեխնոկրատի, բայց դրանով միայն ոչինչ չես կարող փոխել»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե «Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում Պուտինն է նշանակել», Ալեքսանդր Իսկանդարյանի մոտ ծիծաղ է առաջացնում՝ նշելով, որ այդ ընտրությունը բխում էր վերը նշված ներքին քաղաքական տրամաբանությունից երկրի:

«Ռուսաստանը խնդիր չունի այստեղ ինչ-որ մեկին նշանակելու, դա անիմաստ է. ցանկացած մեկը, որը վաղը կառավարման ղեկին հայտնվի, անգամ եթե նա լինի քաղհասարակությունից, վարելու է այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է: Որպես օրինակ հիշենք երեք նախագահներին, նրանք տարբեր մարդիկ են իրենց էությամբ, քաղաքական հայացքներով, բայց քաղաքականությունը նրանց ոչնչով չէր տարբերվում գրեթե», -ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանն ունի ԼՂ խնդիր,  գտնվում է Թուրքիայի կողմից ապաշրջափակման մեջ և մոտ չէ Եվրոպային աշխարհագրորեն: 

Այս համատեքստում քաղաքագետը նշեց, որ գործող համակարգը գնում է ինքնապահպանման. ամեն գնով փորձ է արվում պահպանել համակարգը: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում