Հենց սկզբում պիտի կանգ առնեինք փոխզիջման մասով, երբ Ադրբեջանն ասեց՝ ոչ մի զիջում չի լինի. Վազգեն Մանուկյանը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Հենց սկզբում պիտի կանգ առնեինք փոխզիջման մասով, երբ Ադրբեջանն ասեց՝ ոչ մի զիջում չի լինի. Վազգեն Մանուկյանը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

1994-ին զինադադարի կնքումից հետո հարց առաջացավ՝ ինչպես է շարունակվելու ղարաբաղյան խնդրի լուծումը,  կար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 արձանագրություն, որտեղ գրված էր՝ «Ղարաբաղն անհապաղ պետք է դուրս գա այն տարածքներից, որոնք իր ադմինիստրատիվ  ենթակայության տակ չեն, իսկ ՀՀ-ն էլ պետք է ազդի ԼՂ-ի վրա, որ դա լինի»: Այս մասին Times.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն ի պատասխան հարցին, թե 25 տարվա ընթացքում արցախյան պատերազմի, առհասարակ, ղարաբաղյան հակամարտության հարթությունում ինչ դասեր պիտի քաղեինք մինչև ապրիլյան պատերազմը, որն այդպես էլ չարեցինք և ինչ է փոխվել ապրիլից հետո:

«Եվ նաև դրվում էր, որ պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, բնականաբար, մերոնք չէին կարող հայտարարել, թե ոչ մի թիզ հող չէին տալու: Հարցը դրված էր՝ Ղարաբաղի կարգավիճակ և տարածքներ: Հայաստանն ասեց, որ մենք կգնանք տարածքային կոմպրոմիսի՝ եթե ընդունվում է Ղարաբաղի անկախությունը: Բայց Ադրբեջանն ասեց՝ ես ոչ մի զիջման չեմ գնա, դրանից հետո Հայաստանը պիտի կանգներ, պիտի ասեր, որ քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ոչ մի զիջման մասին չենք խոսելու: Բայց քանի որ անընդհատ զիջումների մասին էր խոսվում՝ էդ հողերն էսօր մեր ձեռքում են, վաղը՝ ոչ, մեծ շահագրգռվածություն այդ հողերը շատ լավ պաշտպանելու երևի թե չկար», –շարունակեց նա:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Վազգեն Մանուկյանը նկատեց, որ այն երևան բերեց բանակի թերությունները. մարդիկ և երիտասարդությունը պատրաստ էին ոգևորված պաշտպանել սահմանները, ինչպես 90-ականներին, բայց ժամանակակից տեխնիկայով հագեցվածության խնդիր կար, անօդաչու թռչող սարքերի պահով հետ ենք ընկել.«Որոշ փոփոխություններ ՊՆ-ում տեղի ունեցան. Դավիթ Փախչանյանին նշանակեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ, կողքից լսել եմ, որ շատ պատրաստված մարդ է: Այստեղ էլ կորուստ ունեինք: Երբ ժամանակին մենք եկանք իշխանության, որպես վարչապետ իմ առաջին գաղտնի հրամանը եղավ ռազմարդյունաբերական հանձնաժողով ստեղծելը, այն ժամանակ մենք արտադրում էինք ավտոմատ, ականներ, նռնականետ, հետո սկսեցինք արտադրել փամփուշտներ, բայց ինչ-որ տեղից այս ամենը կանգնեց: Մինչդեռ ռազմարդյունաբերական համալիրը ոչ միայն պիտի զարգանար, այլ իր հետևից տաներ արդյունաբերությունը: Լավ է, որ հիմա սթափվել ենք և գնում ենք այդ ուղղությամբ: Հրամանատարների հետ էլ եմ խոսել և տեսնում եմ, որ փոփոխություններ կան: Արցախի անկախության օրը Ղարաբաղում էի և Վիտալի Բալասանյանի հետ էլ խոսեցի, նա նկարագրեց, թե ինչ կառույցներ են ստեղծում, ընդհանուր տպավորություն կար, որ դեռ բավարար չի, բայց բավականին մեծ քայլեր արվում են»:

Ըստ Մանուկյանի՝ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը ոչ թե պիտի մեղմանար, այլ ավելի խստանար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում