Արա Աբրահամյանի քաղաքական ծրագրերը շատ լավ «գնում են», իսկ Հովիկ Աբրահամյանն արեց, ինչ կարող էր

Արա Աբրահամյանի քաղաքական ծրագրերը շատ լավ «գնում են», իսկ Հովիկ Աբրահամյանն արեց, ինչ կարող էր

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում արեց այնքան, որքան կարող էր, երբ նայում ենք Հայաստանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նկատեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Ռուսաստանից շատ աճ է եղել՝ 4-5 տոկոս: Նա արեց այնքան, որքան կարողացավ, իսկ հիմա նոր կառավարություն է եկել: Ես շատ լավ գիտեմ պարոն Կարապետյանին և շատ դրական: Մենք մի բան պիտի հասկանանք՝  որպեսզի կառավարությունն արդյունավետ աշխատի, պետք է ուժերը միացնել, մենք մեր ունեցած  պոտենցիալն ու ռեզերվները պետք է գումարենք իրար: Այնպես չի որ նշանակեցին մենակ կարող է…կամ Աբրահամյան Արան, որ ուզում է ինչ-որ բան անել, մենակ կարող է անել: Ոչ, ինքան էլ ես ուզենամ, մեզ պետք է միասնություն: Պատկերացրեք, որ մենք մեր ուժը գումարենք, ես երեկ ասեցի՝ Սփյուռքի ուժը չի օգտագործվում, լավագույն դեպքում՝ 1 տոկոս»,-ընդգծեց նա:

Այս համատեքստում Աբրահամյանն ակնարկեց, որ իր հարազատ գյուղում օրեր առաջ է եղել և բոլորն ասում են՝ երկիրը երկիր չի, ապագա չկա, սրան պիտի վերջ տալ. «Նման բան չկա, սա շատ լավ երկիր է, այստեղ կա ապագա: Մենք պիտի փոխենք մեր մտածելակերպը: Հասկանում եմ, որ տնտեսության վիճակը շատ վատ է, կան շատ մարդիկ, որոնք իրոք օգնության կարիք ունեն, բայց դա չի նշանակում, որ պիտի տարածենք՝ էս երկիրն ապրելու տեղ չի: Տնտեսական ինչ ասես կարող է լինել, եթե բառերին նայենք և չգործենք»:

Միաժամանակ ըստ Աբրահամյանի՝ մենք պիտի փոխվենք առաջինը, որ դրսից ներդրողներ գան. «Ասում եք, թե ինչու ներդրում չեմ անում «Նաիրիտում», դրա համար նոր պայմաններ են  պետք»:

Ինչ վերաբերում է իր քաղաքական ծրագրերին, Աբրահամյանն ասաց, որ դրանք շատ լավ «գնում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում