Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 19700 հեկտար աշնանացան ցորենի ցանք

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2016 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 19 հազար 700 հեկտար աշնանացան ցորենի ցանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, հիմնականում կարելի է ավարտված համարել աշնանացանը: Աշնանացանի մեծ մասը կատարվել է Վարդենիսի տարածքի համայնքներում՝ Մեծ Մասրիկում, Սոթքում, Նորակերտում, Գեղամասարում, Փոքր Մասրիկում:

«Նախորդ տարվա աշնանացանի ցուցանիշները գրեթե պահպանվել են: Եթե եղանակային պայմանները թույլ տան, շատ հնարավոր է, որ առաջիկայում եւս ցանք կատարվի: Ամեն դեպքում հոկտեմբերի երկրորդ կեսից հետո երկու անգամ տեղացած ձյունը խանգարեց աշնանացանի աշխատանքների կազմակերպմանը»,-ասաց Մարտին Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում