Վիգեն Սարգսյանը պարզաբանել է բանակին կարտոֆիլի մատակարարման գների տատանումները

Բանակին կարտոֆիլ, կաղամբ եւ գազար մատակարարող ընկերությունները բավականին ծավալուն աշխատանք ունեն իրականացնելու՝ ի տարբերություն մնացած սննդամթերքի մատակարարների: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որը կապված էր բանակում կարտոֆիլի մատակարարման գների հետ:

«Մթերքի այդ տեսակները գյուղացուց գնելուց հետո նա պետք է դրանք պահեստավորի, որովհետեւ բանակն այդ մթերքը հավաքելու պահին միանգամից չի ընդունում, այլ ըստ ժամանակացույցի հանձնարարում է մատակարարողին կոնկրետ զորամասեր մատակարարել տարվա ընթացքում: Այսինքն, ոչ թե պահպանվում է մինչեւ վերցնելը, այլ մինչեւ զորամաս հասցնելը: Ինչ վերաբերում է արժեքի տատանմանը՝ 84-ից 100 դրամ, այն ուղղակի կապ ունի այն զորամասի հեռավորության հետ, ուր հասցվում է մթերքը: Կիլոգրամի մեջ մինչեւ 14 դրամը տրանսպորտի, վառելիքի հետ կապված ծախսերն են, որը շատ հստակ հաշվարկելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե զորամասերում զինվորներն են բեռնաթափում պարենային մթերքով մեքենաները, Վիգեն Սարգսյանն ընդգծեց. «Եթե դուք ունեք որեւէ փաստ, որ զինվորը զորամասում բեռնաթափում է պարենային մթերքով մեքենան, ես շնորհակալ կլինեմ, եթե դուք անհապաղ դրա մասին հայտնեք, որովհետեւ դա ոչ միայն անթույլատրելի է, այլ մենք նման դեպքերի մասին վերջին շրջանում ահազանգեր չենք ստացել: Եթե նման դեպքեր կլինեն, մենք հետամուտ կլինենք, որովհետեւ դա պայմանագրային ծառայություն է եւ իրականացվում է զորամասում մատակարար կազմակերպությա ն կողմից, ինչպես զորամասերում իրականացվող շատ աշխատանքներ, որոնք երկար ժամանակ է՝ անցել են պայմանագրային աշխատանքների ոլորտ. սկսած մաքրման աշխատանքներից, որոնք բավականին լուրջ վեճերի առարկա էին դառնում զինծառայողների միջեւ, մինչեւ խոհանոցային շատ աշխատանքներ»:

Նախարարի խոսքով՝ բանակի կողմից իրականացվող գնումները բացարձակ առաջնահերթություններից է պաշտպանության նախարարության համար: «Եւ մենք իրականում ունենք այդ ոլորտում լուրջ խնդիրներ ու անելիքներ: Այս պահին ընթանում է մի շարք թերմատակարարված ապրանքների, որոնք ըստ պայմանագրերի ուշացվում էին, մթերումը նախարարության կենտրոնական բազաներում, եւ շատ խիստ դրվել է խնդիրը, որ բոլոր մատակարարները, որոնք գործ ունեն բանակի հետ, պետք է խիստ ժամկետներում կատարեն իրենց բոլոր պայմանագրային պարտավորությունները»,- եզրափակեց պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում