«Հրապարակ». ժամանակը կգա, ես ինքս կսկսեմ ընտրությունները կազմակերպել. Սուրիկ Խաչատրյան

«Հրապարակ»-ի խմբագիրը գրել է. «Երեկ Եռաբլուրում հայտնված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հաստատեց մեր վատագույն կասկածները, որ 2017-ի ընտրությունները կազմակերպվելու են նախկին մեթոդներով ու մտածողությամբ։ Նա լրագրողների հարցին, թե նեղացա՞ծ է հարազատ կուսակցությունից, որ իրեն ազատեցին աշխատանքից, պատասխանել է․ «Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, այդպիսի խնդիր չկա, ինքս հանրապետական եմ, որևէ մեկից նեղացածություն չունեմ, ժամանակը կգա, ես ինքս կսկսեմ ընտրությունները կազմակերպել»: Այ, հենց սրանից էլ վախենում էինք մենք՝ որ լիսկաներն ու շմայսները կրկին իրենց ձեռքը կառնեն ընտրությունների կազմակերպման գործը և նախկին մեթոդներով՝ կաշառքով, բռնությամբ, թաղային հեղինակություններով, հանձնաժողովների անդամներին «առնելով», սպառնալիքներով ու ճնշումներով ձայներ կապահովեն իշխող կուսակցության համար։

…Մեզ էլ թվում էր՝ նոր վարչապետի, կառավարության հայտնվելը սոսկ «ֆասադը» փոխելուց բացի նաև որոշ սկզբունքներ փոխելու նշան էր, որը վկայում է, որ իշխանությունը հասկացել է՝ չի կարելի բռնանալ ժողովրդի կամքի վրա, պետք է նրան հնարավորություն տալ գեթ մեկ անգամ ինքնուրույնաբար, ազատ կամքի դրսևորմամբ ձևավորել իշխանություն։ Հույս ունեինք, որ Հանրապետականը հասկացել է՝ բռնությամբ ձևավորված իշխանությունը չի կարող վայելել հանրության վստահությունը և չի կարող երկիրը զարգացման տանել։ Հույս ունեինք, որ դրան կնպաստեն նաև նոր Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը․ ընտրակեղծիքները կնվազեն, իսկ ընտրությունների հայտնի «կազմակերպիչները» դուրս կգան ասպարեզից։

Լիսկայի երեկվա հայտարարությունը վկայեց, որ մեր հույսերը սին են՝ իշխանության ներկայացուցիչների գիտակցական մակարդակի բարձրացմանը դեռ երկար պիտի սպասենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում