18 միջազգային կազմակերպություններ Ադրբեջանին կոչ են արել վերջ տալ մարդու իրավունքների խախտումներին

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերջ տալ քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող հալածանքներին եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրական բարեփոխումներ ձեռնարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Կազմակերպությունները Ադրբեջանի կառավարությանը դիմել են հատուկ նամակով, որում ասվում է. «Մենք լուրջ մտահոգված ենք այն բանի համար, որ Ադրբեջանում հետապնդման են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր քննադատում են կառավարությանը: Բացի այդ, միջազգային կազմակերպությունների խորհուրդը պահանջել էր Ադրբեջանի կառավարությունից չեղարկել օրենսդրական բոլոր սահմանափակումները, որոնք կաթվածահար են անում քաղաքացիական հասարակության գործունեությունները, սակայն ոչ մի դրական քայլ չի նկատվում այդ հարցում: Շատ հասարակական կազմակերպությունների առաջնորդներ կանգնած են իրական վտանգի եւ սպառնալիքի առջեւ, շատ ակտիվիստներ դեռեւս ձերբակալված են կեղծ մեղադրանքներով»:

Նամակում նշվում է նաեւ, որ կազմակերպությունների խորհրդի փորձագետները վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված ազատականացմանը եւ ժողովրդավարացմանը միտված հրամանագրերը համարում են ոչ լուրջ եւ կոսմետիկ՝ գնահատելով, որ դրանք արված են միայն միջազգային դոնորներից գրանտեր ներգրավվելու նպատակով:

Նամակը ստորագրվել է Article 19, Bankwatch Network, Crude Accountability, Freedom Now, Helsinki İnsan Hüquqları Fondu, İnsan Hüquqları Evləri Fondu və Senzura İndeksi, Helsinki Niderland Komitəsi, Norveç Helsinki Komitəsi, PEN-Amerika, Beynəlxalq PEN-club, Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության եւ մի շարք այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում