Նոր Զելանդիայում երկրաշարժը ճեղքել է պատնեշը Հարավային կղզում

Նոր Զելանդիայում երկրաշարժը ճեղքել է պատնեշը Հարավային կղզում

Նոր Զելանդիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերի հետեւանքով Հարավային կղզում ճեղքվել է պատնեշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Պատնեշի ճեղքվելուց հետո ջրի հուժկու հոսանքներն ընթացել են դեպի Քլարենս գետը: Տեղի իշխանությունները Քաիկոուրա քաղաքի բնակիչներին հորդորում են հնարավորինս արագ տեղափոխվել բարձրադիր վայրեր:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին Radio New Zealand ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մի շարք երկրաշարժերից վնասը կարող է կազմել առնվազն 2 միլիարդ նորզելանդական դոլար (1,4 միլիարդ ամերիկյան դոլար):

Նոյեմբերի 13-ին Նոր Զելանդիայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդով երկրաշաժ: Դրանից շատ չանցած տեղի են ունեցել 6,2 մագնիտուդով երկրորդ շարք ստորգետնյա ցնցումներ:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Քրայսթչերչ քաղաքից 90 կիլոմետր հյուսիս – արեւելք ընկած շրջանում, քաղաք, որը սաստիկ տուժել էր 2011 թվականի երկրաշարժից: Երկրաշարժի օջախը 23 կիլոմետր խորության վրա էր:

Վերջին տվյալներով՝ առաջին երկրաշարժի հետեւանքով զոհվել է երկու մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում