ՀՅԴ երիտասարդները մասնակցել են Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության զորակցության ցույցին

ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և Լիբանանի երիտասարդական միության մի խումբ անդամներ մասնակցել են ի աջակցություն Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կազմակերպված ցույցին: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Կիրակի, 20 նոյեմբեր 2016-ին, ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն եւ Լիբանանի երիտասարդական միութենէն խումբ մը մասնակցեցաւ Թուրքիոյ մէջ գործող քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան զօրակցութեան ցոյցի մը:

Ցոյցը կազմակերպուած էր Լիբանանի մէջ գործող քրտական «Նեւրուզ» ընկերային-մշակութային կազմակերպութեան կողմէ:

Ցոյցին մասնակցեցան քրտական տարբեր երիտասարդական եւ ուսանողական միութիւններ: Էրտողանի բռնատիրական վարչակարգին դէմ կազմակերպուած ցոյցը սկիզբ առաւ կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պշարա Խուրի հրապարակէն: Ապա քայլարշաւով մը ցուցարարները ուղղուեցան դէպի Պէյրութի ՄԱԿ-ի կեդրոն:

ՄԱԿ-ի կեդրոնին դիմաց ցոյցին կազմակերպիչները խօսք առնելով պահանջեցին Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անարդարօրէն ձերբակալուած երեսփոխաններու ազատ արձակումը, Թուրքիոյ մէջ մարդկային իրաւունքներու եւ փոքրամասնութիւններու իրաւունքներու վերահաստատումը:

Նշենք, որ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնը ճանչցած է Հայոց ցեղասպանութիւնը: Կուսակցութեան երեսփոխաններէն է նաեւ հայ ազգի զաւակ Կարօ Փայլան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում