ԵՊՀ ուսանողները նվաճել են ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր

ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ լրատվական բաժնից, «ACM-ICPC» օլիմպիադայի կիսաեզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-4-ը Թբիլիսիում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: ԵՊՀ-ն ներկայացել էր 3 թիմերով:

Պայքարն ընթանում էր 226 թիմերի միջև, որոնք ներկայացնում էին նախկին խորհրդային երկրների լավագույն բուհերը: Ի դեպ, մրցույթը զուգահեռ ընթանում էր 4 քաղաքներում` Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի, Բառնաուլ:

Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակով: Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի և հետխորհրդային մի շարք երկրների հետ: Հայաստանում հյուրընկալող կողմը ԵՊՀ-ն է, մասնավորապես Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

ԵՊՀ թիմի կազմում են ԻԿՄ ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը: Նշենք, որ եզրափակիչ փուլ անցել են առաջին 17 տեղերը զբաղեցրած թիմերը, որոնց մեջ 12-րդ հորիզոնականում հայտնվել է Մայր բուհի թիմը՝ իրենից հետ թողնելով նաև Մոսկվայի պետական համալսարանի թիմին: Ի դեպ, բարդագույն խնդիրներից մեկը լուծել հաջողվել է միայն մեր թիմին:

«Մեր թիմը շատ լավ է պատրաստված, տղաներից յուրաքանչյուրը կարող է շատերին դաս տալ: Մենք էլ մեզնից կախված ամեն բան արել ենք, ամեն պայման ստեղծել ենք, որպեսզի նրանք լավ արդյունքների հասնեն: Վերջին տարիներին ես ներկա եմ լինում եզրափակիչներին և միշտ կիսատության զգացում եմ ունեցել, որ առանց ուսանողների եմ: Եզրափակչում ավելի դաժան պայքար է սպասվում: Դժվար է գուշակել՝ ինչ կլինի, բայց, համենայն դեպս, տղաները շատ մարտական են տրամադրված»,- ասում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա մյուս տարվա մայիսին ԱՄՆ-ում:

«Թիմը այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է: Անցած տարի էլ բավականին ուժեղ էին, արժանի եզրափակիչ դուրս գալու, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Տրամաբանության բոլոր կանոններով սա պետք է լիներ, որովհետև տղաներն այնքա՜ն ջանք են դրել, այնքա՜ն աշխատանք կա արված: Եզրափակչում մրցելու են աշխարհի ուժեղագույն համալսարանների հետ՝ Չինաստանից, Կորեայից, ԱՄՆ-ից և այլն, բայց այդ ուժեղ մրցակցությունը բնավ չի վախեցնում»,- ասում է թիմի մարզիչ, ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում