Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է թալանել տարադրամի փոխանակման կետը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջե, գրում է shamshyan.com-ը։

Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և օպեգրծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր։ Այս պահին դեպքի վայր պետք է ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչինչ չեն կարողացել տանել։

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև վարչական շրջանի դատախազներ Արթուր Մելիքյանն ու Սմբատ Մովսիսյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում