Պետդեպը Հալեպում հրադադարի խախտման համար մեղադրել է կառավարական զորքերին

Պետդեպը Հալեպում հրադադարի խախտման համար մեղադրել է կառավարական զորքերին

Սիրիայի կառավարական զորքերը եւ Իրանի կողից աջակցվող աշխարհազորայիններն են պատասխանատվություն կրում Հալեպում հրադադարի ռեժիմի խախտման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ դեկտեմբերի 14-ին կայացած բրիֆինգի ժամանակ հանդես է եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:

«Զինադադարը երկար չտեւեց ռեժիմի եւ Իրանի կողմից աջակցվող զինյալների պատճառով»,– ասել է Քիրբին: Ընդ որում նա ընդունել է, որ գրեթե ողջ քաղաքը գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ:

Ինչպես պնդել է Պետդեպի ներկայացուցիչը, ընդհանուր առմամբ Սիրիայում չդադարող հակամարտության համար «պատասխանատվություն են կրում (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) ռեժիմը եւ նրա դաշնակիցները՝ Իրանը եւ Ռուսաստանը»:

Մինչդեռ «Ալ Մայադին հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Հալեպի՝ սիրիական բանակի կողմից պաշարված շրջաններից զինյալների եւ խաղաղ բնակչության համաձայնեցված դուրսբերումը խափանվել է ելուզակային կազմավորումների մեղքով, որոնք կրակ են բացել կառավարական զորքերի դիրքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում