Ռուբեն Շուգարյան. «Հայաստանի դիվանագիտությունը պետք է մտածի նոր գաղափարների և հարցադրումների մասին»

Panorama.am-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան (1993-1999), 1999-2005թթ ՀՀ ԱԳ փոխնախարար, 2005-08թթ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ 2009-ից ի վեր Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ:Նախկին դեսպանը խոսել է հայ-թուրքական (ցյուրիխյան) կարգավորման գործընթացի դասերի, ապրիլյան պատերազմի շրջանում և դրանից հետո ՀՀ եւ ԼՂՀ դիվանագիտության և ընդհանրապես աշխարհում Հայաստանի տեղի և դերի մասին:

Պարոն Շուգարյան, այս նախատոնական օրերին Դուք Հայաստանում եք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդում Ձեր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելու նպատակով։ Աշխատանքի վերնագիրն է «Հայ-թուրքական հարաբերությունների միջազգային միջնորդության ժամանակակից պատմությունը և մեթոդաբանությունը»։ Ի՞նչը Ձեզ ստիպեց գրել այս աշխատանքը։

Ես երկար տարիներ մտածել եմ այս թեմայի մասին: Ե՛վ այն ժամանակ, երբ ակտիվ, գործնական դիվանագիտության մեջ էի, մասնակցում էի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և արցախյան հիմնահարցի վերաբերյալ բանակցություններին, ե՛ւ ակադեմիական աշխատանքի տարիներին՝ հատկապես Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում դասավանդելու ընթացքում:
Այս թեման այսօր ամենաարդիականներից մեկն է: Ես ծանոթ եմ տարբեր աշխատությունների, բայց համակարգված աշխատանք երևի թե չկա, որտեղ ոչ միայն կշարադրվեր պատմությունը, բայց նաև կվերլուծվեր այս 25 տարիներ ընթացքում միջնորդների կատարած աշխատանքի մեթոդաբանությունը: Իմ նպատակն էր լրացնել այս բացը, ինչպես նաև առաջարկել ապագայի համար որոշակի «ճանապարհային քարտեզ»:

Իսկ որոնք են Ձեր առաջ քաշած նորույթները, ինչպես սիրում են ասել գիտական աշխարհում։

Եթե խոսենք նորույթների մասին, ես առաջարկում եմ պարտադիր կերպով տարանջատել երկու տարբեր ոլորտ՝ հաշտեցման և հարաբերությունների կարգավորման հարթություններում: Վերնագրի մասին մտածելիս ես տատանվում է, թե ինչպես կոչեմ աշխատանքս. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, թե՞ հայ-թուրքական հարաբերություններ: Ի վերջո եկա այն եզրակացության, որ եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, պետք է խոսենք թե՛ հաշտեցման, թե՛ կարգավորման մասին, թերևս ավելի մեծ ուշադրություն դարձնելով հենց «կարգավորման» հարթությանը: Այդ ֆորմատը ենթադրում է միայն և միայն սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս ֆորմատում բնական մասնակիցներն են երկու երկրների կառավարությունները: Մինչդեռ «հաշտեցման» հարթությունը ենթադրում է առավել երկարաժամկետ, նուրբ և բարդ գործընթաց, և բացի իշխանություններից մասնակցություն պետք է ունենան երկու երկրների քաղաքացիական հասարակությունները, իսկ Հայաստանի դեպքում՝ նաև հայկական Սփյուռքը, որի ձայնը պետք է լինի որոշիչ: Մինչև այսօր հիմնական սխալը եղել է, իմ կարծիքով, այս երկու գործընթացների միաձուլումը, ինչը ոչ միայն արդարացված չէ, այլև վտանգներ է պարունակում՝ հատկապես Սփյուռքի քննադատության առումով:

Պետք է նշել, որ չնայած գործընթացի տապալմանը, բոլոր ներգրավված կողմերը հասան որոշակի հաջողության:
Թուրքիան կարողացավ արտաքին աշխարհին ցույց տալ որոշակի «կառուցողականություն»՝ հատկապես Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհին ցույց տալով, որ իրենք չունեն նախապաշարմունքներ և կարող են իբրև թե անկաշկանդ նայել իրենց անցյալին՝ պատմաբանների այդ ենթահանձնաժողովի միջոցով:
Հայաստանին անհրաժեշտ էր վերադառնալ միջազգային քաղաքականություն, լինել միջազգային քարտեզի վրա: Եվ մենք դա արեցինք. հիշեք միայն ստորագրման արարողությունը [Ցյուրիխում]: Այս ամենը անհրաժեշտ էր Հայաստանին:
Դրան նախորդող տասնամյակում «կոմպլեմենտար» քաղաքականությունը օգնել էր խուսափել մեծ ցնցումներից, բայց նաև դրա պատճառով կորցրել էինք որոշակի տեմպ, ազդեցություն և միգուցե նաև կարևորություն [միջազգային քաղաքականությունում]: Երբ որևէ երկիր սկսում է բնութագրել իր արտաքին քաղաքականությունը մի բառով, դա նշանակում է լրիվ հակառակը: Օրինակ, Թուրքիայի «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը նշանակում էր, որ Անկարան ունի խնդիրներ բոլոր այդ հարևանների հետ: Եթե խոսում ենք «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին, դա նշանակում է «կոմպլեմենտարիզմը» նախաձեռնողական չի եղել:

Ֆուտբոլային դիվանագիտությամբ մենք լուծեցինք միջազգային քաղաքականություն վերադառնալու խնդիրը, լուծեցինք նաև արտաքին լեգիտիմության խնդիրը՝ 2008-ի ընտրություններից հետո: Մենք կարողացանք կարճաժամկետ արդյունքների հասնել:
Ռուսաստանը լուծեց իր խնդիրները: Առաջին անգամ Կրեմլը ոչ միայն չէր ընդդիմանում հայ-թուրքական օրակագին, այլև ակտիվորեն օժանդակում էր: Առաջին, որովհետև 2008թ ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան ուներ արտաքին իմիջի խնդիր, և մյուս կողմից այդ պատերազմի արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան եկել էին այն եզրակացության, որ տարածաշրջանում պետք է ամրապնդեն սեփական դիրքերը և հնարավորինս նվազեցնեն երրորդ երկրների ազդեցությունը: Այս նպատակով որպես Միացյալ Նահանգների «կցորդ» ընկալվող Վրաստանի դերի նվազեցման ֆոնին նրանք հնարավորություն էին բացել Հայաստանի դերի ավելացման համար:
Ցյուրիխյան գործընթացի արդյունքում շահեց նաև Եվրոպական Միությունը, որովհետև եթե վավերացվեին այդ արձանագրությունները, Թուրքիայի անդամակցության հարցը կդառնար շատ ավելի առարկայական: «Ստորագրված, բայց չվավերացված» սցենարը ԵՄ համար լավագույնն էր:

Իրանի հետ կապված ասեմ, որ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ կարելի է դատողություններ անել Թեհրանի դիրքորոշումը ուսումնասիրելով: Օրինակ, 2001թ Քի Ուեսթի բանակցությունների ժամանակ Իրանը ուներ շատ հանգիստ դիրքորոշում, քանի որ այնտեղ չէին սպասում որևէ շոշափելի արդյունք: Նույնը այստեղ. Իրանը կարծես համոզված էր, որ արձանագրությունները կստորագրվեն, բայց չեն վավերացվի:
Վրաստանը ի սկզբանե անհանգստացած էր հնարավոր կարգավորման հեռանկարից, քանի որ դրա արդյունքում Թբիլիսիի դերը նշանակալիորեն կնվազեր:
Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էր ինչ-որ միջանկյալ լուծում գտնել, որի արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները կմտնեին նոր հանգրվան, և ամեն տարի Սպիտակ տանը ստիպված չէին լինի ապրիլի 24-ին փնտրել Ցեղասպանություն բառի նոր հոմանիշեր և հետո դրա համար արդարանալ հայ համայնքի մոտ: Վաշինգտոնի երկրորդ նպատակն էր Բուշի վարչակազմի տապալումներից հետո արձանագրել շոշափելի որևէ արտաքին քաղաքական հաջողություն: Պատահական չէ, որ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին այցերը կատարվեցին Թուրքիա, որտեղ փաստացի տրվեց այդ գործընթացի մեկնարկը:

Այս գործընթացի արդյունքում գրեթե բոլոր երկրները ունեցան դրական ձեռքբերումներ: Միակ երկիրը, որը չուներ դրական իմիջ ստանալու խնդիր՝ Ադրբեջանն էր, որին պետք էր «ուժեղ և ազդեցիկ» երկրի իմիջ ձեռք բերել որպեսզի ստացվեր այնպես, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիան չի կարողանում առաջ գնալ այդ հարաբերություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում