Շիրակի մարզի համայնքներն ամփոփել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

Շիրակի մարզի համայնքները բյուջեների սեփական եկամուտները 2016 թվականին կատարել են 87,9 տոկոսով: Թերակատարումը կազմում է շուրջ 239 միլիոն դրամ, սակայն այս ցուցանիշը դեռ կարող է փոխվել, քանի որ այն մինչև դեկտեմբերի 28-ի ցուցանիշն է: Այս մասին դեկտեմբերի 29-ին տարեվերջյան ամփոփիչ մարզային խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը՝ հույս հատնելով, որ առաջիկա երկու օրում կհաջողվի նվազեցնել թերակատարված գումարի չափը:

Ինչպես միշտ, այս անգամ ևս հիմնական ցուցանիշ ապահովել են հողի հարկը և գույքահարկը: Նախորդ տարվա համեմատ թերակատարումը կազմում է 5 տոկոս: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրել են Արթիկի տարածաշրջանի համայնքները՝ 94,3 տոկոս: Հիմնական թերակատարումը հողի վարձակալության վճարներն են: Մարզի երեք քաղաքային համայնքներից ամենաբարձր ցուցանիշը Մարալիկինն է: Մարզի 30 համայնք չի ապահովել միջին ցուցանիշը, իսկ 3 համայնք նույնիսկ 50 տոկոսի շեմը չի հատել:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզային խորհրդի նիստի ժամանակ համայնքների ղեկավարներին հորդորեց այս երկու օրում բարելավել այդ արդյունքները:
Մարզին 2016 թվականին տրամադրվող դոտացիան դեկտեմբերի 20-ի դրությամբ ամբողջովին ֆինանսավորվել է: Երկու համայնք ունի աշխատավարձի ուշացում: «Վերջին տարիներին մենք ընդհանրապես աշխատավարձի գծով պարտքեր չենք ունեցել, բայց 2 համայնք՝ Հովհունին և Լուսաղբյուրը, աշխատավարձի թերակատարումներ են արձանագրել՝ կապված համայնքների ղեկավարների փոփոխության հետ»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

Չցանկանալով տոնական տրամադրությունը փչացնել՝ Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարներին լուրջ դիտողություն չարեց, բայց հորդորեց լավ աշխատել ու չթերանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում