Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2016 թվականին, տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք ազգովի կառուցել ու շենացնել մեր հայրենիքը, արձանագրեցինք հաջողություններ ու ձեռքբերումներ, հաղթահարեցինք փորձություններն ու դժվարությունները:
Բոլորիս մոտ թարմ են ապրիլյան թեժ օրերի հիշողությունները, թարմ են կորստի ցավն ու կսկիծը և մեր հերոս զավակների ու եղբայրների սխրանքը: Օրհասական պահին հայ ժողովուրդը կրկին դրսևորեց անօրինակ միասնություն` շատ կարճ ժամանակում համախմբվելով և պաշտպանելով իր արժանապատվությունը: Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու և բազկի ուժը` հետ շպրտելով սանձազերծ հակառակորդին:
Հայրենիքը պաշտպանելիս ծնվեցին նոր հերոսներ, ում անունները ոսկե տառերով փորագրվեցին մեր ժողովրդի պատմության մեջ: Նրանց անձնվիրությունն ու հայրենասիրությունը միշտ ընդօրինակման ու ոգեշնչման աղբյուր կլինեն ներկա և ապագա սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թող նրանց ընտանիքներում այսուհետ միշտ տիրի միայն ուրախություն ու բարօրություն, թող նրանց երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ և իրենց հայրերի երազած ազատ, անկախ ու զարգացած հայրենիքում:
Թանկագի՛ն բարեկամներ,
Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի ու ակնկալիքների տոն է: Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաև մեր կյանքը, այն կդառնա ավելի լավ ու բարեկեցիկ, ջերմությամբ ու բարությամբ կլցվեն մեր օջախները, ավելի կզորանա ու կբարգավաճի մեր հայրենիքը:
2017 թվականը մեր ժողովրդի և պետության համար հագեցած է լինելու կարևոր իրադարձություններով: Ազգովի տոնելու ենք մեր բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը՝ հաղթանակներ, որոնք շրջադարձային եղան Արցախի կյանքում և մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ:
Ինչպես այդ հաղթանակները, այնպես էլ անկախության տարիների մեր բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, համայն հայության ջանքերով: Մենք եղել ենք միասին ու միակամ թե՛ հաղթանակի և թե՛ փորձության ժամին: Այդպես եղել է, կա և կլինի ընդմիշտ: Դա՛ է մեր հաջողության ճանապարհը:
Սիրելի՛ արցախցիներ,
Այս ջերմ ու տոնական օրը նախևառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, այն քաջ տղաներին, ովքեր խրամատներում կդիմավորեն Ամանորը` աչալուրջ հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինվորները պատվով իրականացնեն իրենց ծառայությունը և ողջ ու առողջ վերադառնան տուն:
Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ողջ հայ ժողովրդին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի նվիրական իղձերի և նպատակների իրականացման տարի Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում