Ադրբեջանական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կանխատեսվում է 2,20-2,50 մանաթ

Ադրբեջանական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կանխատեսվում է 2,20-2,50 մանաթ

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքը կանխատեսում է 2,20-2,50 մանաթի սահմաններում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տնտեսագետը հայտնել է azadliq.info-ի հետ զրույցում:

Նրա խոսքով` հունվարի 12-ից կոմերցիոն բանկերը նվազեցրել են բնակչությունից արտարժույթի գնումը:

Ըստ նրա` «սեւ շուկայի» եւ բանկերի միջեւ սահմանը կորչում է. կոմերցիոն բանկերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ բանկերի մեծ մասը ներկայում դոլարը գնում է 1,77-1,78 մանաթով, վաճառում` 1,86-1,87 մանաթով: Այլ խոսքով` գնման եւ վաճառքի միջեւ տարբերությունը 7-10 գյափիք է, «սեւ շուկայում» դոլարը գնվում է 1,83 մանաթով, վաճառվում` 1,86 մանաթով:

Հունվարի 12-ից Ադրբեջանի կենտրոնական բանկը արտարժույթի վաճառքի փոխարժեքի որոշման ժամանակ կոմերցիոն բանկերի համար սահմանված 4- տոկոսանոց մարժան վերացրել է: Ներկայում բանկերն իրենք են որոշում գինը: Ադրբեջանի ԿԲ-ն դա անվանում է ռեալ լողացող փոխարժեք:

Սակայն, Գուբադ Իբադօղլուն գտնում է, որ արտարժույթի ադրբեջանական շուկայում դեռեւս երկու վաճառող կա` ԿԲ-ն եւ Նավթի պետական հիմնադրամը, եւ այդ ռեժիմը ռեալ լողացող փոխարժեք անվանել չի կարելի:

«Եթե արտարժույթի շուկայում այլ վաճառողներ չկան եւ առաջարկվող արտարժույթի ծավալը որոշվում է վարչական ճանապարհով, դա բոլորովին էլ չի նշանակում անցում լողացող փոխարժեքի», – ներկայիս իրավիճակը մեկնաբանելով՝ ասել է նա:

Անդրադառնալով արտարժույթի գնման եւ վաճառքի միջեւ մեծ տարբերությանը՝ տնտեսագետը նշել է, որ դա բանկիրների պայմանավորվածության արդյունքն է:

«Մեր երկրում բանկերի իրական տերերը մի քանի օլիգարխներ են: Հենց այդ օլիգարխների պայմանավորվածության արդյունքում է որոշվում այս կամ այն արժույթի փոխարժեքը», -ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով` նման իրավիճակը ծառայում է «սեւ շուկայի» ծաղկմանը: Որոշ դեպքերում «սեւ շուկայի» եւ բանկերի միջեւ սահմանը կորչում է: Ավելին` նրանք իրենք են խթանում դրան:

«Ցանկացած դեպքում` Ադրբեջանի ֆինանսական հատվածում կայունություն չի եղել եւ չկա: Կարող եմ կանխատեսել, որ միջին տարեկան հաշվարկով դոլարի փոխարժեքը կարող է լինել 2,20-2,50 մանաթ»,- նշել է Գուբադ Իբադօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում