Հայերի բռնի իսլամացման մասին Թաներ Աքչամի գիրքը լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ

Հայերի բռնի իսլամացման մասին Թաներ Աքչամի գիրքը լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» գիրքը լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրք մտավորականը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Լավ նորություններ: «Հայերի բռնի իսլամացումը» գիրքը երկրորդ հրատարակությամբ է լույս տեսել: Փոքր-ինչ ուշացավ, սակայն ես շատ ուրախ եմ»,– հայտնել է նա:

Գրքի առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը 2016 թվականին թարգմանվել և հրատարակվել է հայերեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում