Հայաստանը հաստատեց իր մասնակցություն «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը հաստատեց իր մասնակցություն «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևը հունվարի 19-ին ստորագրեցին ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հաստատման պայմանագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`112-ից ավելի երկրներ և 18 միջազգային կազմակերպություններ հաստատել են նշված ցուցահանդեսին իրենց մասնակցությունը, որոնք հիմնական մասն արդեն իսկ նշանակել է ցուցահանդեսի մասնակցության հանձնակատար և կնքել է մասնակցության պայմանագիր:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևն ընդգծեց, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հաստատումն ուրախալի առիթ է և սպասելիքներ կան, որ «Ապագայի էներգետիկա» խորագրով թեմային Հայաստանը կցուցադրի շատ լավ տաղավար:

«Ակնկալում ենք Հայաստանից եկած զբոսաշրջիկների և մեր մոտ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը: Կարծում ենք, որ ցուցահանդեսը ցույց կտա Հայաստանի և Ղազախստանի ընկերական հարաբերությունները և իհարկե կտա ևս մեկ առիթ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար»,- ասաց «Աստանա Էքսպո-2017»-ի գլխավոր հանձնակատարը` հավելելով, որ միջազգային հանրությունը մեծ հետաքրքրվածություն ունի այդ ցուցահանդեսի նկատմամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ հայաստանյան կազմակերպությունները ունեն շատ առաջարկներ ցուցահանդեսին ներկայացնելու համար:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի էներգետիկայի ոլորտում ունեցած Հայաստանի զարգացումները ներկայացնելու միջազգային հանրությանը: Հայաստանին տրամադրվել է երկու հարթակ` «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, նաև զբոսաշրջության և ակնագործության ոլորտները ներկայացնելու համար»,- ասաց նախարարը` հավելելով, որ Հայաստանը մոտ 20-30 կազմակերպություններով փորձելու է իրեն հատկացված մակերեսի մեջ առավելագույնս ներկայացվել:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է 2017 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում` «Ապագայի էներգիա» խորագրով: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիների լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման բնագավառում:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու և այս ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. դեկտեմբերի 13-ի որոշմամբ գլխավոր հանձնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում