ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խումբը քննարկում է Լուկա Վոլոնտեի հարցը Ադրբեջանից կաշառք ստանալու վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությ ան անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«1 ժամ 45 րոպե… ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: ԵԺԿ-ում կրքերը եռում են: Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին: Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուցող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»,- գրել է Ֆարմանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում