Օգտագործել ըստ անհրաժեշտության

Համաձայն Հետք կայքի տվյալների, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներից քաղաքական ապաստան խնդրածների թիվը գրեթե եռակի աճել է ու այդ աճը պայմանավորում են ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած դեպքերով:

Քանի որ այդ աճը իրենից ներկայացնում է զուտ վիճակագրական թվեր, ապա այն վիճարկելու ոչ իմաստ կա, ոչ էլ ցանկություն: Դրանք հնարավոր է միանգամայն իրական թվեր լինեն, սակայն պատճառը հիմնականում թաքնված է այլ հարթությունում:

Սովորաբար քաղաքական լարված իրավիճակները ոչ թե քաղաքական ապաստան խնդրելու պատճառն են, այլ առիթը: Գաղտնիք չէ, որ կա մի ստվար զանգված, ով ենթադրում է, որ լավ է այնտեղ, որտեղ իրենք չկան: Նման մտածողությամբ մարդիկ պատրաստ են գրեթե ցանկացած քայլի, միայն հասնեն իրենց նպատակին: Քաղաքական լարված իրավիճակները նման մարդկանց համար հերթական լավագույն առիթն են:

Արդարության համար պետք է նշել, որ Հայաստանում որքան էլ մեծ լինի դժգոհությունը ու ժամանակ առ ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունենան բախումներ, այնուամենայնիվ հեռու է այն իրավիճակից, երբ մարդիկ մասսայաբար ենթարկվում են քաղաքական հալածանքների: Հակառակ դեպքում կարող է նոնսես առաջանալ, երբ ընդդիմադիր առաջնորդները անխափան ծավալում են իրենց ընդդիմադիր գործունեությունը, իսկ շարքային քաղաքացիները, ովքեր հանդիսացել են զուտ նրանց համակիրները կամ հանրահավաքների մասնակիցները, ենթարկվեն ճնշումների: Իսկ բախումներ տեղի են ունենում ցանկացած երկրում, նույնիսկ այնպիսի, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը սրբացված են ու հանդիսանում են որպես բացարձակ կատեգորիա:

Ցանկացած ըննդիմադիր կուսակցության պատասխանատու գործիչ, կարող է փաստել, որ մշտապես իրենց են դիմում բազմաթիվ խնդրատուներ, որոնք առհասարակ որևէ կապ չունեն ոչ տվյալ կուսակցության, ոչ էլ քաղաքական որևէ գործընթացի հետ: Սակայն խնդրելու պատճառը մեկն է, անդամատոմս կամ հետին թվով տեղեկանք տվյալ կուսակցությանն անդամգրվելու վերաբերյալ, որպեսզի այն համոզիչ անցաթուղթ հանդիսանա, իրենց նախընտրած երկրում բնակություն հաստատելու համար:

Իհարկե այդ մասին գիտեն բոլորը, սակայն քանի որ վիճակագրական տվյալներն իրենցից ներկայացնում են զուտ թվեր, քողարկելով իրական շարժառիթները, ապա այն դառնում է նաև յուրատեսակ ու հավելյալ քաղաքական խաղաթուղթ:

Այս վիճակագրական տվյալները երբեմն տարբեր շահագրգիռ ուժերի տրվում են այն ունիվերսալ տեղեկանքների նմանությամբ, որոնց տակ գրված է լինում. օգտագործել ըստ անհրաժեշտության:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում