ՀՔԾ-ն կարճել է Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային սկանդալի քրեական գործով վարույթը

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործով վարույթը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պետական հատուկ ծառայողի կողմից անօրինական ձեռնարկատիրական գործունեության մասնակցելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել»,– հայտնեց Օհանջանյանը:

Նա նաև հավելեց, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցումներ է կատարել Շվեյցարիայի և Պանամայի համապատասխան մարմիններ, սակայն Միհրան Պողոսյանի կողմից անօրինական ձեռնարկատիրական գործունեության մասնակցելու հանգամանքը չի հիմնավորվել:

Քրեական գործով վարույթը կարճելու մասին հաղորդագրություն է տարածել նաև Միհրան Պողոսյանի գրասենյակը: «Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:

Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական LGT բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։

Հայտնում ենք, որ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության»,– ասված հաղորդագրության մեջ:

Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. մայիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում