Առնվազն 65 մարդ է տուժել Փարիզի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով

Առնվազն 65 մարդ է տուժել լույս հունվարի 30-ի գիշերը ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի խճուղիներից մեկում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իվելինի դեպարտամենտի պրեֆեկտուրայի աղբյուրներ: 

«Վթարի են ենթարկվել երկու մարդատար ավտոբուս, կցասայլով մեքենա եւ չորս մարդատար ավտոմեքենա»,-հայտնել են պրեֆեկտուրայում:

Վերջին տվյալների համաձայն, տուժածներից չորսի վիճակը գնահատվում է՝ օրհասական:

Միջադեպի հանգամանքները մինչ այժմ ճշտվում են: Վթարը տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) տեղի է ունեցել Փարիզից 45 կիլոմետր դեպի արեւմուտք՝ մայրաքաղաքից Նորմանդիա տանող A13 ուղեգծի վրա: Ներկայում դեպի Փարիզ ավտոճանապարհն ամբողջովին փակ է երթեւեկության համար, տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում