Բրիտանացի պատգամավորները ձեռնամուխ են եղել Brexit-ին վերաբերող օրինագծի քննարկմանը

Բրիտանացի պատգամավորները ձեռնամուխ են եղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի գործարկման մասին օրինագծի քննարկմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Երկօրյա քննարկումները, որոնք սկսվել են Համայնքների պալատի նիստերի դահլիճում, անցած շաբաթ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցումն են:

Այս փուլում պատգամավորները քննարկում են օրինագիծը որպես այդպիսին՝ առանց մանրամասների մեջ խորանալու: Երկրորդ ընթերցմամբ օրինագծի քննարկման արդյունքներով պատգամավորները քվեարկություն կանցկացնեն այն բանի շուրջ, թե օրինագիծը պետք է փոխանցվի արդյոք կոմիտեներին, որոնք արդեն կարող են պատրաստել տեքստի ուղղումները:

Դրանից հետո տեղի կունենա օրինագծի երրորդ ընթերցումը: Այն պլանավորված է փետրվարի 8-ին, ինչից հետո փաստաթուղթը կտեղափոխվի Վերին պալատ՝ Լորդերի պալատ:

Ինչպես ավելի գրել է Times թերթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը գործի է դնում հանրակցությունից Եվրամիության անդամ-երկրի դուրս գալու երկամյա ընթացակարգը, կկիրառի մարտի 9-ին:

Հրատարակությունը նշում է, թե, չնայած այն բանին, որ նախարարների կաբինետի ղեկավարը մտադիր չէր վաղօրոք հայտնել Brexit-ի մեխանիզմի գործարկման ամսաթիվը եւ պաշտոնապես միայն որպես վերջնաժամկետ է նշել մարտի վերջը, հունվարի 30-ին կառավարությունը Լորդերի պալատին ծանուցել է, թե ցանկանում է, որ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին հավանություն տրվի մարտի 7-ին: Հաջորդ օրը ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդես կգա բյուջետային ուղերձով, իսկ մարտի 9-ին Մալթայում կսկսվի ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը, որտեղ էլ Մեյը հնարավորություն կունենա հայտարարել 50-րդ հոդվածը գործի դնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում