«Հայկական ժամանակ». ՀԴՄ-ների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են

Վերջին շրջաններում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են։ Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ։

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավենների մատակարարման համար և այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության։ Ուշագրավն այն էր, որ «Ալեքսերվը» գրանցված էր նույն այն հասցեում, որտեղ գրանցված էր ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը։ Ակնհայտ էր, որ «Ալեքսերվը» նույնպես սերտորեն փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ։

Սակայն մի քանի ամիս առաջ, Գագիկ Խաչատրյանի ազդեցության նվազմանը զուգահեռ, այդ շուկայում հայտնվեցին այլ ներկրողներ, և ժամանակի ընթացքում այդ ապրանքի գինը շուկայում կտրուկ նվազել է։ Ընդ որում, ինչպես պնդում են տնտեսվարողները ավելացել է նաև ժապավենների երկարությունը։ Սա ցցուն օրինակ է, թե ինչ է լինում, երբ շուկայում որևէ մոնոպոլիան զրկվում է իր կարգավիճակից։ Ցավոք, սա ապամոնոլիզացման մի շատ փոքր և եզակի օրինակ է Հայաստանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում