Հռոմի պապն ընդունել է կոռուպցիայի փաստը Վատիկանում, բայց դա նրան չի ընկճում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիտի, որ Վատիկանում եւս կա կոռուպցիա, բայց դա նրան չի ընկճում: Այդ մասին քահանայապետը խոսել է կրոնական վանական ուխտերի ու միաբանությունների ներկայացուցիչների հետ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կայացած խորհրդապահական հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Civilt cattolica («Կաթոլիկական քաղաքակրթություն») կրոնական հրատարակությունը հրապարակել է Ֆրանցիսկոսի ելույթը: Այդ մասին հայտնել է Corriere della Sera թերթը, որն առանձին քաղվածքներ է մեջբերել: «Վատիկանում կա կոռուպցիա: Բայց ես հանգիստ եմ: Եթե կա խնդիր, ես երկտող եմ գրում սուրբ Հովսեփին եւ այն դնում իմ սենյակում գտնվող արձանի տակ»,-ասել է Ֆրանցիսկոսը:

«Իմ հանգստությունն աստվածային պարգեւ է: Իմ ընտրվելու պահին ես կատարյալ հանգստություն էի զգում: Եվ այդ զգացողությունն ինձ այլեւս չի լքել»,-խոստովանել է քահանայապետը:

Նա նաեւ ասել է, թե չի վախենում քննադատությունից: «Լավ է, երբ քեզ քննադատում են: Դա իմ սրտովն է: Որովհետեւ կյանքը լի է թերիմացություններով եւ վեճերով: Բայց ամենաբարդ հարցերը տալիս են ոչ թե կրոնի աշխարհի ներկայացուցիչները, այլ երիտասարդությունը»,-հավելել է Ֆրանցիսկոսը:

Իր քարոզներում Հռոմի պապը քանիցս կոռուպցիան համարել է արդի աշխարհի չարիքը եւ հորդորել է պայքարել այդ երեւույթի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում