Դուշանբեից Տաշքենդ է մեկնել 25 տարվա ընթացքում առաջին ինքնաթիռը

25 տարվա ընդմիջումից հետո Դուշանբեից Տաշքենդ է մեկնել առաջին մարդատար ինքնաթիռը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Տաջիկստանի «Սոմոն Էյր» ավիաընկերությունում հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է տեխնիկական չվերթ, իսկ կանոնավոր թռիչքները կվերականգնվեն փետրվարի 20-ից:

Պլանավորվում է նաեւ կազմակերպել չվերթեր Ուզբեկստանի այլ քաղաքներ:

Մարտ ամսվա վերջից չվերթերի թիվը կհասցվի երկուսի, թռիչքները կկատարվեն երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:

Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ մինչ օրս օդային եւ ավտոբուսային ուղեւորատար հաղորդակցություն չկար: Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ ուղիղ թռիչքները դադարեցվել էին 1993 թվականին քաղաքական հարաբերությունների սրման պատճառով: Երկրների միջեւ նախկինի պես գործում Է այցագրային ռեժիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում