ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ սկսել է աշխատանքը

Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը: Փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը հայտնեց, որ իրենց աշխատանքը սկսել են փետրվարի 20-ից, հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ: «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին մեզ հրավիրելու համար և լիահույս ենք, որ այս ընթացքում կաշխատենք իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով, որ նրանց համագործակցությունը մեզ հետ կլինի թափանցիկ»,- ասաց Պետերսոնը:

Նա հայտնեց, որ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը բաղկացած է 13 պետություններ ներկայացնող 14 փորձագետներից, որոնք փետրվարի 20-ից աշխատանքի են անցել։ «Մենք դիտարկելու ենք բոլոր այն խնդիրները, որոնց մեր զեկույցներում անդրադառնալու ենք։ Հաջորդ շաբաթ մեզ կմիանան երկարաժամկետ 28 դիտորդներ, որոնք կտեղակայվեն ողջ երկրի տարածքում։ Հաջորդ շաբաթվա կեսից նրանք մեզ կզեկուցեն իրենց դիտարկման տարածքում արձանագրած զարգացումների մասին»,- ասաց նա։

Պետերսոնը հավելեց, որ քվեարկության օրվան մոտ ակնկալում են, որ իրենց կմիանան 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր կարձանագրեն քվեարկության ընթացքը։ Այդ թիմը ենթակա է հաստատման, երբ ԵԱՀԿ-ից կստանան հաստատում գործուղումների վերաբերյալ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում 11-րդ անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում։ «Մեր դիտարկումն իրականացնում ենք ԺՀՄԻԳ-ի մեթոդների համաձայն։ Մենք անկողմնակալ ենք, ընտրությունները դիտարկելու ենք միջազգային չափանիշների և տեղական նորմերի հիման վրա։ Մենք դիտարկելու ենք, գնահատելու ենք, ներկայացնելու ենք առաջարկներ: Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ նույնպես կստանաք մեկնաբանություններ մեր կողմից»,- ընդգծեց դիտորդական առաքելության ղեկավարը:

Պետերսոնը նշեց, որ մի քանի շաբաթ անց հանդես կգան զեկույցով, որը կլինի փաստերի վերաբերյալ և կպարունակի նախնական գնահատականներ։ «Ընտրություններից հետո մենք կներկայացնենք քվեարկության վերաբերյալ մեր նախնական դիտարկումները: Դա կլինի մամուլի ասուլիսի միջոցով, և մենք ակնկալում ենք, որ դա կլինի համախմբված զեկույց մեր, Եվրոպայի Միության խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի կողմից։ Երկու ամիս անց կստանաք մեր վերջնական զեկույցը, որը հիմնված կլինի մեր գնահատականների վրա և կպարունակի առաջարկներ ու խորհուրդներ։ Հետո արդեն մեր առաջարկությունները հաշվի առնելը, դրանցի հիման վրա որոշումներ կայացնելը մնում է Հայաստանի իշխանություններին և քաղաքական կուսակցություններին»,- եզրափակեց Յան Պետերսոնը։

Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ դաշինքներ: ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական և տարածքային ցուցակների գրանցման գործընթացը պետք է ավարտի մինչև փետրվարի 26-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ» և «Ծառուկյան» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում