Պաշտպանության նախարարը բացառում է բանակում քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում

Տարիներ շարունակ մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսների շահարկումը: Այս մասին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարած այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Իհարկե, Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, որ առավելություն է, մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, բարդություններն ու չլուծված հարցերը, որ կան բանակում, եւս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես եմ ներկայացնում: Քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն ցույց տալու քո քաղաքականությունը, ուղղվածությունը, միտումը, այնպես էլ կրելու այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար: Այո, բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրությունների ժամանակ: Իսկ եթե զինվորները որոշեն, որ Պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը եւ քվեարկեն այն կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը ես եմ գլխավորում, դա կլինի նրանց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունը»,-եզրափակեց նախարարը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում