Գերմանիայում Էրդողանի այցի դեմ բողոքի ալիքը մեծանում է

Գերմանիայի ներսում մեծանում է բողոքի ալիքը` ընդդեմ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպվելիք հանրահավաքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը պաշտպանել է երկ րամասի ներքին գործերի նախարարի մտահոգություններն այն մասին, որ Էրդողանի հնարավոր հանրահավաքը պետք է արգելել:

Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է բացեիբաց հայտնի, որ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ Էրդողանի այցը Գերմանիա ցանկալի չէ:

Գերմանիայի ներգաղթի, փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը տեսակետ է հայտնել այն մասին, որ «նման հավաքները թունավորում են Գերմանիայի մթնոլորտը, վնասում են խաղաղ համակեցությանը»:

Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը ևս պահանջել է, որ կառավարությունն արգելի նման հանրահավաքը: «Գերմանիայի կառավարությունը կարող է կանխել Էրդողանի կողմից հերթական քարոզչական հանրահավաքը: Մերկելը կարող է կանխել Էրդողանի կողմից Գերմանիայում բռնապետական քարոզչությունը»,- ասել է նա:

Գերմանական Bild պարբերականը, հենվելով դիվանագիտական շրջանակներում ունեցած տեղեկությունների վրա, հայտնել է, որ Էրդողանը մայիսին այցելելու է Գերմանիա և սահմանադրական հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում: Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը հայտնել է, որ որևէ պաշտոնական դիմում հանրահավաք անցկացնելու մասին իրենք դեռևս չեն ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում