Ադրբեջանի համար ռազմական գործողությունները ներքին տնտեսական խնդիրները լուծելու փորձեր են

Շփման գծում Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը չի համապատասխանում ռազմական տրամաբանությանը: Այդ երկրի կողմից ռազմական հարձակումները պայմանավորված են ներքին քաղաքական գործոններով եւ ընթանում են դիվանագիտական օրացույցով:

Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի համար ռազմական գործողությունները ներքին տնտեսական խնդիրները լուծելու փորձեր են: «Նրա համար կարեւորը ոչ թե արդյունքն է, այլ ուղղակի հարձակումը»,-ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, թե միմիայն Ադրբեջանն է, որ հանդիսանում է տարածաշրջանային խաղաղության համար գլխավոր սպառնալիքը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը ցավալի համարեց այն հանգամանքը, որ ոչ ոք եւ ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին հերթական հարձակումը նախաձեռնելիս: «Այս անգործությունը եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշման բացակայությունը ավելի են սրում իրավիճակը: Ընդամենը մի երկիր կա, որը կարող է արագ արձագանքել Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում, եւ դա Ռուսաստանն է»,-հավելեց բանախոսը:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ Ադրբեջանն ամեն անգամ բանակցությունները վարում է նախապայմանների լեզվով: «Այս իրավիճակը մեղմացնելու համար մեզ, նախ եւ առաջ, անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը, ինչպես նաեւ հզորացնել մեր բանակը»,-ասաց Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում