Թուրքիան առկախել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն ու շփումները

Թուրքիան առկախել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն ու շփումները

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Մասնավորապես, փոխվարչապետը հայտնել է, որ իրենք չեղյալ են համարել Նիդերլանդների համար դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը: «Այս պահին արտերկրում գտնվող Նիդերլանդների դեսպանի վերադարձը Թուրքիա արգելված է, քանի դեռ չեն կատարվել մեր մատնանշած կետերը»,-հայտնել է Քուրթուլմուշը:

Նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել խորհուրդ տալ մեջլիսին չեղյալ համարել Թուրքիա-Նիդերլանդների խորհրդարանական բարեկամական խմբի թուրքական հատվածը: «Եթե այս քաղաքական որոշումները լրջորեն չընդունվեն, եթե Նիդերլանդները առաջացած ճգնաժամը վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, Թուրքիան այլ ոլորտներում ևս իր մտածած քայլերը կաշխատի կյանքի կոչել»,– ասել է փոխվարչապետը` հայտարարելով, որ իրենք ներողություն են ակնկալում Նիդերլանդներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում