ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին. Մեյ

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին. Մեյ

Brexit-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

«Օրինագիծը, որն ընդունվել է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-ի ընթացակարգը, ինչպես եւ ասվում էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին»,-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կտեւեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կարող է լքել 2019 թվականի գարնանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես արդեն տեղեկացվել է մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների: Ավելի վաղ օրինագծին հավանություն է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում