Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը եվրոպացի պատգամավորին այլևս չի զարմացնում

Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին այլևս չի զարմացնում Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Բելգիայի թագավորության Վալոնիա-Բրյուսել դաշնային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ադրբեջանի նախաձեռնությամբ Ինտերպոլի միջոցով եվրոպացի պատգամավորների հետապնդման հարցին:

«Ճիշտն ասած, զարմացած եմ, որ ընդամենը եվրոպացի 3 պատգամավոր է հետապնդվում Ադրբեջանի նախաձեռնությամբ, ավելի շատ խորհրդարանականներ են եկել Արցախ: Անկեղծ ասած, Ադրբեջանի նման պահվածքը նոր չէ, ես ինքս էլ առնչվել են նման խնդիրների: Խնդիր է եղել Բելգիայում Ադրբեջանի դեսպանի հետ: Մի քանի տարի առաջ, երբ եկա Արցախ, դրանից հետո նա ստիպում էր ինձ երդվեմ, որ այլևս չեմ գնալու: Այնպես, որ Ադրբեջանի այս պահվածքն այլևս ինձ չի զարմացնում»,-ասաց Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում 100-ից ավելի միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն են իրականացրել նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը և Յարոմիր Շտետինան:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին:

Մարտի 20-ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

Բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում