68 պետությունների ներկայացուցիչներ Վաշինգտոնում քննարկելու են ԻՊ-ի դեմ պայքարը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, մարտի 22-ին կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ հանդպումը նախագահելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ չէ:

«Մենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրա գործադրվող ճնշումը»,- ասել է Թոները:

Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում