Նախարարը տնտեսական ցուցանիշների ակտիվացումը կապում է նախընտրական ժամանակահատվածի հետ

Ընտրական գործընթացներն ազդում են տնտեսական ցուցանիշների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընտրությունների տարիներին, նախընտրական շրջանում դիտվում են տնտեսական բարձր ցուցանիշներ, նա բացառեց դրանց ներկայացման համար պաշտոնական վիճակագրության թվերում սխալմունքների առկայությունը, քանի որ ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հյուրընկալվում են փորձագետներ և գնահատում են վիճակագրական տվյալների ճշգրտության, հավաքագրման և ծածկույթի որակը: Նախարարը նշեց, որ հիմնվում է մասնագետների կարծիքի վրա և չի կիսում «թվեր նկարելու» վարկածը:

«Նախընտրական ժամանակահատվածներն ամբողջ աշխարհում ազդեցություն են ունենում պետության տնտեսական վիճակի վրա: Միշտ էլ նախընտրական ժամանակահատվածները տնտեսական ակտիվության տեսանկյունից շատ ավելի ակտիվ են, քան այլ ժամանակահատվածներում: Կան նաև գիտական մակարդակով կատարված վերլուծություններ դրա հետ կապված»,- ասաց նախարարը:

Արամյանը նաև ընդգծեց, որ այն պետք չէ շփոթել ներդրումային սպասումների հետ, քանի որ այդ դեպքում դրանք չէին կարող միանգամից երկու ամիսների` այս տարվա հունվարի և փետրվարի ընթացքում ստեղծել տնտեսական ակտիվության ցուցանիշ: Ներդրումների տեսանկյունից միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում ներդրողները սպասումների փուլում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում